Բանակում այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մեծ վիշտ է՝ երեխային պահես, մեծացնես, հասցնես այդ տարիքին, որ ինքը պետք է զգա իրեն հասարակության լիարժեք անդամ, որպես մարդ, որպես քաղաքացի, որ զոհվի ծառայակցի ստորացուցիչ գործողությունների՞ց կամ ծառայակցի գնդա՞կից։ Պետք է կոնկրետ դեպքի վայրի հրամանատարությանը ամենախիստ պատասխանատվությանը ենթարկել։ Սա բարձիթողի վիճակի արդյունք է, իսկ ինչ-որ մարդիկ ասում են՝ սա քրեական ենթամշակույթի դրսևորում է։ Այ ընկեր, 18 տարեկանը նոր լրացած երեխան երբ հասցրեց էդ քրեական ենթամշակույթ կոչվածը, որ իրենք այդպես էլ չկարողացան կարգին բացատրել, թե դա ինչ է, երբ հասցրեց յուրացնել, ամոթ է, փոխանակ ասեն՝ տեղերում պատշաճ հսկողություն չկա։ Ինչու քրեակատարողական հիմնարկներում այդքան զոհեր չեն լինում քրեական ենթամշակույթից, որ բանակում են լինում»,-նշեց նա։
Պատգամավորը շեշտեց՝ պետք է հրամանատարներ պատժվեն այս դեպքերով․ «Ես հեռու եմ այն մտքից, որ այստեղ քրեական ենթամշակույթի ծիլերն են երևում։ Ոչ այստեղ կա հրամանատարության անփությունը, կամ ասենք դեպք է լինում՝ առիթը բաց չեն թողում ինչ-որ քաղաքական աստառ տալու համար, ասում են Առաքել Մովսիսյանի որդին է եղել, լրիվ այլ ուղղությամբ են շեղում, ինչ կապ ունի՝ ում տղան ա, եթե Առաքել Մովսիսյանի տղան է եղել, ես կողմ եմ, որ տանեն, դատապարտեն, բայց տենց մերկապարանոց, հիմնազուրկ հայտարարություններով հերիք է կերակրել մարդկանց։ Կոնկրետ հրամանատարներ պետք է դատվեն, այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում։ Պաշտոնական անփություն է, մարդիկ ժամը գալիս է, դռները փակում, գնում են իրենց տները, զինվորները մնում են իրար հետ, ոչ մի վերահսկողություն»։