Այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը:
Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Երեւանում աշխատանքները համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ «Այո»-ի կողմնակիցները քարոզարշավի մեկնարկը կտան ասուլիսով։ Մեր ունեցած տեղեկություններով առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսի ժամանակ նախընտրական շտաբի ղեկավարը կներկայացնի իրենց գործողությունների հաջորդականությունը։ «Մարզային այցեր, բակային հանդիպումներ, ու նաեւ հանրահավաքներ»,-, դասական սցենարին է կիրառվելու։
Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:
ԱԺ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի՝ փետրվարի 15-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի, թեև խմբակցությունն ԱԺ-ում դեմ է քվեարկել հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մյուս ուժերին ևս կոչ է արել «Ոչ»-ի ճակատ չձևավորել:
Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ևս «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու մասին չեն հայտարարել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցելու գործընթացին, ՀՅԴ-ն հանրաքվեն բոյկոտելու կոչ է արել:
Իսկ ահա ՀԱԿ-ը ողջունել է փոփոխությունները եւ հայտարարել, որ աջակցելու է հանրաքվեին։