1in.am-ը գրում է․Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Հ.-ի գործի դատական քննությունը:
Դեպքի պահին Էդգար Հ.-ն 34 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 30-ին Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստանալու են մեկնել Արարատի մարզի բնակիչ Դավիթ Ա.-ն և նրա մի քանի բարեկամներն ու ընկերները՝ տղամարդիկ:
Դավիթ Ա.-ն Սևան քաղաքի բնակիչ Աշոտ Հ.-ի զբոսանավով դուրս է եկել շրջագայելու, ինչի ընթացքում նավից թռել է ջուրն ու վիճաբանել է իրեն ջրից հանած Աշոտ Հ.-ի հետ: Վերջինս ստիպված ընդհատել է նավարկությունն ու վերադարձել է լողափ՝ այնտեղ կանչելով նաև որդիներին: Լողափին Աշոտ Հ.-ն ու նրա որդիներ Էդգարն ու Մամիկոնը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Դավիթ Ա.-ն ու նրա մտերիմները փորձել են պարզաբանում կատարել, բայց ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Աշոտ Հ.-ն հանկարծ հայտնվել է գետնին ու կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է՝ նա մահացել է սրտի սուր կորոնար անբավարարությունից:
Էդգարն ու Մամիկոնը, տեղեկանալով իրենց հոր մահվան մասին, ենթադրելով, որ նա մահացել է ծեծկռտուքի ժամանակ ստացած հարվածներից, դրա համար ենթադրաբար մեղադրելով Դավիթ Ա.-ին, որոշել են հայտնաբերել նրան ու ծեծելով վրեժխնդիր լինել:
Ժամը 19-ի սահմաններում Էդգար Հ.-ն իր վարած «Օպել Վեկտրա» մեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած Դավիթ Ա.-ի հետևից:
Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածով ընթանալիս ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված կապույտ «Մերսեդեսը» գրավել է նրանց ուշադրությունը, այդ մեքենայի հետևի նստատեղին նրանք նկատել են իրենց կողմից հետապնդվող Դավիթին: Էդգարն իր մեքենան կանգնեցրել է «Մերսեդեսի» մոտ: Մամիկոնն իջել, մոտեցել է «Մերսեդեսին», բացել է հետևի դուռն ու սրահից քաշելով դուրս է բերել Դավիթին: Նա բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Դավիթի մարմնի տարբեր մասերին: Դավիթն ընկել է գետնին՝ ճանապարհի երթևեկելի բանուկ հատվածում՝ մեքենաների մոտ:
Էդգար Հ.-ն իր մեքենայի սրահից վերցրել է իրեն պատկանող 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, դուրս է եկել մեքենայից, առանց եղբոր հետ նախնական պայմանավորվածություն ունենալու՝ մոտեցել է գետնին ընկած Դավիթին, հրազենն ուղղել է նրա գլխին ու մեկ անգամ կրակել է: Դավիթ Ա.-ն ստացած գանգուղեղային ու ողնուղեղային համակցված հրազենային կոտորակային կույր վիրավորումից տեղում մահացել է…
Դատարանում Էդգար Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է «Միրաժ» լողափին: Տեսել է, որ իրենց զբոսանավը մոտեցել է ափին, մեկը նավից թռել է ջուրը, հետո ափ է դուրս եկել: Մարդիկ են հավաքվել: Ինքն էլ իր մեքենայով մոտեցել է, որ իմանա, թե ինչ է պատահել: Այնտեղ է եղել եղբայրը՝ Մամիկոնը, հետո հայրն է մոտեցել ու մի տղայի ասել է. «Ես քեզ փրկել եմ, դու ինձ խփո՞ւմ ես, չե՞ս ամաչում, հորդ թայ մարդ եմ»: Ինքը զարմացել է, այդ տղայի ուսը հրել ու հարցրել է՝ ո՞նց, քեզ փրկելու համար հորս խփե՞լ ես: Այդ տղան անսպասելի խփել է իր աչքին, հետո սկսել է հարվածներ հասցնել իր հորը: Մամիկոնը մտել է մեջտեղ, նա ու Դավիթն են սկսել իրար խփել: Խառը ծեծկռտուք է սկսվել իրենց ու Դավիթի մտերիմների միջև: Չի հասկացվել՝ ով ում է խփում: Մի պահ ինքը նկատել է, որ գետնին պառկած մարդ կա, կարմիր շորտիկից հասկացել է, որ իր հայրն է: Բոլորը հեռու են քաշվել, ինքն ու Մամիկոնը գոռացել են՝ պապա, մոտեցել, տեսել են՝ հոր ականջից արյուն է գալիս, հագուստն էլ կեղտոտ, փոշոտ է՝ ոնց որ ոտքի հարվածի հետքեր լինեին: Հայրը աչքերը փակ խռխռացնում էր: Ինքը շշմել է, չի հասկացել, «չի կարողացել գնահատական տալ»՝ ինչի սենց բան էղավ: Փորձել է զանգել շտապօգնություն, չեն հասկացել՝ ինչ հասցե է ասում: Իրեն ասել են՝ գնա բժիշկ բեր: Ինքը նստել է իր մեքենան ու քշել է հիվանդանոց: Այնքան խառնված էր, որ չի հասկացել՝ հորն էլ մեքենան դներ ու տաներ: Հիվանդանոցում մի քույր է գտել, ցանկացել է տանել լողափ, բայց տեսել է՝ եղբայրը ինչ-որ մեքենայով հորը բերել է: Գրկած տարել են ընդունարան, բժիշկը եկել, զննել ու ասել է, որ արդեն մահացած է… «Լացուկոծ, հիստերիկ վիճակ» է եղել իրենց մոտ: Ինքը վազելով դուրս է եկել, նստել է մեքենան ու քշել լողափ: Մամիկոնն էլ է հասել ու նստել է մեքենա: Ինքը պատկերացրել է, որ հայրը Դավիթի հարվածներից է մահացել: Մտածել է՝ արդեն ոստիկանները հասած կլինեն լողափ, այդ տղային բռնած կլինեն: Բայց ճանապարհին ծանոթներից մեկն ասել է, որ այդ տղան փախել է կապույտ «Մերսեդեսով»: Ինքը մեքենայով շրջադարձ է կատարել՝ այդ տղային հետապնդելու համար: Մտածել է՝ նրա փախուստը կանխի: Մայրուղու վրա երեք շարքով մեքենաներ էին, երթևեկությունը շատ խիտ էր: Ինքը շուտով հասկացել է, որ անիմաստ է այդպես քշելը: Մամիկոնն ասել է՝ հետ գնա հիվանդանոց: Ինքը շրջադարձ է կատարել, որ հետ գնա: Այդ ամբողջ ընթացքում ինքը «ծանր ապրումների մեջ էր, իր արժանապատվությունը ոչնչացված էր, լրիվ գետնին էր հավասարվել, ինքը՝ որպես զավակ, իրեն չէր հարգում, որ չի կարողացել հորը պաշտպանել…»: Այսպիսի մտքերով էր ծանրաբեռնված: Պետք է մտներ դեպի հիվանդանոց տանող ճանապարհ, երբ ճամփեզրին նկատել է կապույտ «Մերսեդես»: Հիշել է, որ իրենց ասել են՝ այդ տղան կապույտ «Մերսեդեսով» է փախել: Բնազդաբար կանգնել է: Նույնիսկ մի քանի մետր առաջ է գնացել, հետո մեքենան հետ է տվել, տեսել է, որ մեքենայի առջևի նստատեղերին մարդ չկա: Ուզեցել է մեքենան քշի, գնա, այդ ժամանակ հետևի պատուհանն իջեցրել են, երկու հոգի նայել են իրենց կողմը, և այդ երկուսից մեկը հենց այդ Դավիթն էր…
Ինքը նրան տեսնելով՝ խառնվել է, շփոթված վիճակի մեջ է ընկել: Մամիկոնն իջել է մեքենայից, մոտեցել է այդ մեքենայի հետևի դռանը: Մեքենայից ինչ-որ մեկն իջել է, ինքը լսել է, որ նա «քռֆել է» Մամիկոնին: Ինքը հիշել է հոր խոսքերը՝ որ այդ տղային փրկել է, իսկ նա հարվածել է, հիշել է հոր արյունոտված դեմքը, բժշկի խոսքերը, որ հայրը մահացել է: Մի պահ թեքվել է մեքենայի «պոլկի» կողմը, տեսել է իր հրացանը: Դրանից հետո հրացանը «ոնց որ մի հատ եռանկյունի դառնար»… Էլ ոչ մի բան չի հիշում… Հետո «փրթիկ-փրթիկ է հիշում՝ ոնց էր օդերով մեքենան քշում…»: Շենքերի բակում լվացվել է… Բաժին է գնացել, այնտեղ հեռախոսով ցույց են տվել՝ ոնց է ինքը մեքենայից իջել ու կրակել, ասել են՝ նայի, գլխին ես կրակել… Ինքը ոտքի հիվանդություն ունի, մի քանի անգամ վիրահատվել է, 30 ժամ ընդհանուր նարկոզի տակ է եղել, 3-րդ կարգի հաշմանդամ է…
Հոր մահվան պատճառի մասին երկու ամիս հետո է իմացել՝ ասել են՝ ինֆարկտից է մահացել, մինչև դա՝ իր կարծիքով՝ հայրը ծեծվելուց էր մահացել:
Ամբաստանյալը պնդել է, որ որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, թե ինչպես է կրակել՝ չի հիշում: Ինքը գտնվել է ծանր ապրումների մեջ, սթափ դատողություն չի ունեցել…
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ուներ նաև Էդգարի եղբայրը՝ Մամիկոնը: Նա մեղադրվում էր տուժողին երկու դրվագով ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրա մասով գործի վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Մամիկոն Հ.-ն հայտնել է, որ դեպքի օրն ինքն ու ընկերը հանրային լողափում էին, երբ հայրը զանգել ու ասել է, որ շուտ մոտենա՝ նավի վրա մարդ կա, որն իրեն շատ վատ է պահում: Հայրն ասել է՝ արի, հանի ափ: Ինքն ու ընկերը «սկուտերով» մոտեցել են իրենց նավին, որն ափից շուրջ 100 մետր էր հեռու՝ քիթը՝ դեպի «Միրաժ»: Նավի վրա մարդիկ կային, ընդհանուր՝ մի տասը հոգի: Նավի «բորտի» հատվածում, որտեղ չի թույլատրվում կանգնել, մի երիտասարդ էր կանգնած: Երբ նավը ափին ավելի մոտ էր, այդ տղան իր հոր հետ «արա»-ով, լկտի ձևով խոսելով՝ թռել է ջրի մեջ: Ինքն ու ընկերն արդեն կանգնած էին ափին, այդ տղան գալիս էր իրենց կողմը: Ինքը մոտեցել, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է՝ ընկեր ջան, ո՞նց ես խոսում, «արա»-ն ո՞րն ա, կարայիր «հոպար» ասեիր կամ «ձյաձյա»: Այդ տղան իր ձեռքը ուսից մի կողմ է բրդել ու ասել է՝ հլա նայի՝ ինչ արեց՝ շորիս թևը ճղել ա… Նա սկսել է հայհոյել… Ինքը սաստել է, ասել է՝ մարդիկ կան, ընտանիքներ, արի բարձրանանք… Այդ տղան համաձայնել է: Բարձրացել են, այնտեղ ինչ-որ տղաներ վոլեյբոլ էին խաղում՝ այդ տղայի ծանոթներն էին, մոտեցել են: Դրանից այդ տղան ավելի ագրեսիվ է դարձել… Այդ ընթացքում մեքենայով մոտեցել է իր եղբայր Էդգարը: Հետո հայրն է մոտեցել: Նա այդ տղային ասել է. «Այ լակոտ, հորդ թայ մարդ եմ, ես քեզ խեղդվելուց փրկում եմ, դու ինձ խփո՞ւմ ես»: Այդ տղան իրենց հորը կիսահարվածելով հրել է իրենց կողմը: Սկսվել է խառը խփոցը: Ինքը տեսել է, որ այդ տղան հարվածել է իրենց հորը: Խառը ծեծկռտուքի ժամանակ մեկը գոռացել է՝ մարդ կա ընկած: Ինքը տեսել է, որ իրենց հայրն է մեջքի վրա ընկած, շորերը՝ փոշոտ, ականջից արյուն էր գալիս, նա խռխռացնում էր… Հետո ինքը ինչ-որ մեքենայով ՝ չգիտի ինչ մեքենա էր, հորը տարել է հիվանդանոց… Բժիշկը նայել, ասել է՝ մահացած է… Իր ձեռքերի մեջ էր մահացել հայրը… Իրենք երկու եղբայրներով լաց էին լինում: Հետո Էդգարը դուրս է եկել, ինքը գնացել է նրա հետևից… Վազելով հասել, նստել է նրա մեքենան…
Շարունակությունը՝ այստեղ։