00:00:00

Ինչու Ռուբեն Հայրապետյանը հեռացրեց Արթուր Պետրոսյանին․ ինչ է իրականում տեղի ունեցել

00:55, 07 ապրիլ 2018 Սպորտ

Ըստ ՀՖՖ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Պետրոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից»,- մասնավորապես ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ: Ինչո՞ւ Արթուր Պետրոսյանը ազգային թիմից հեռացավ պայմանագիր կնքելուց ընդամենը մի քանի ամիս անց: Այս տարվա դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր հետևյալը․ «Արթուր Պետրոսյանին վստահում եմ: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել»: Լիտվայի և Էստոնիայի հանդիպումներից առաջ էլ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ իր համար գլխավորը արդյունքը չէ, այլ ֆուտբոլիստների փորձարկումները: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Արթուր Պետրոսյանը իրականում ոչ թե հրաժարական է տվալ, այլ նրան պաշտոնանկ է արել ՀՖՖ-ի նախագահը: Պետրոսյանի վերջին ասուլիսը դրա վառ ապացույցն է: Այս մասնագետը, եթե հեռանալու մտադրություն ունենար, ապա դա կաներ Լեհաստանի հետ խայտառակ հանդիպումից կամ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո: Ինչ է իրականում տեղի ունեցել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ազգային թիմում լուրջ խնդիրներ են եղել: Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումներից հետո էլ մեր ազգային թիմի որոշ ֆուտբոլիստներ իրենց դժգոհությունն են արտահայտել Պետրոսյանի աշխատանքի վերաբերյալ: Դժգոհության լայն ալիք բարձրացավ նաև ֆուտբոլասերների շրջանում, որոնք պահանջում էին թե՛ Պետրոսյանի և թե՛ Հայրապետյանի հրաժարականը: Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ լարված և անառողջ իրավիճակը թուլացնելու համար Ռուբեն Հայրապետյանին ոչինչ չէր մնում անել, քան աշխատանքից ազատել Արթուր Պետրոսյանին: Երկար տարիներ լինելով ֆուտբոլում, Հայրապետյանը, բնականաբար, ավելի շուտ էր գլխի ընկել, որ Պետրոսյանը այն մասնագետը չէ, ով կարող է արդյունքի հասնել ազգային թիմում: Այդուհանդերձ, Պետրոսյանը Հայրապետյանի համար հարմար տարբերակ էր, քանզի ֆուտբոլիստների հրավիրելու հարցում սուս ու փուս լսում էր հրահանգները: Լիտվայի հետ հանդիպումը, ըստ էության, լցրել է նաև Հայրապետյանի համբերության բաժակը: Չհեռացնել Պետրոսյանին, կնշանակեր ինքնակամ գնալ ինքնասպանության: Եկող տարի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններն են, և Ռուբեն Հայրապետյանի համար ամենևին ձեռնտու չի լինի ազգային թիմի հերթական տապալումը: Հեռացնելով Պետրոսյանին, Հայրապետյանը որոշակիորեն մեղմեց իրավիճակը և որոշակի հույսեր արթնացրեց թե՛ երկրպագուների և թե՛ իր համար: Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթանակը Ռուբեն Հայրապետյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այժմ որոշակի հույսեր կան, որ մեր հավաքականը կունենա լավ մարզիչ, որը կկարողանա շտապօգնության դերը կատարել կարևորագույն մրցաշարին ընդառաջ: Իսկ թե ովքեր և ինչպես կարող են վերակենդանացնել մեր հավաքականը, կփորձենք հասկանալ առաջիկա օրերին: Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզիչ էր նշանակվել 2016 թվականի նոյեմբերին: Նրա գլխավորությամբ առաջին մեկնարկային խաղում մեր հավաքականը Երևանում 3:2 հաշվով առավելության հասավ Մոնտենեգրոյի նկատմամբ: Հաջորդ խաղում էլ 2:0 հաշվով հաղթեցին Ղազախստանին: Այս մրցավեճից հետո մեր ազգային թիմում կտրուկ անկում սկսվեց: Կրեցինք 4 անընդմեջ պարտություն, որոնցից 3-ը՝ խայտառակ հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր