00:00:00

ՀՀ-ում Սիրիայի դեսպանն այսօրվա ահաբեկիչներին համարում է Հայոց ցեղասպանությունն իրագործածների հետնորդ

17:52, 13 փետրվար 2020

Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն այսօր Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին համարում է հայերի և մյուս ժողովուրդների նկատմամբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունն իրագործածների հետնորդը:Այս մասին դեսպանը հայտնեց փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Այսօր ահաբեկչական խմբավորումները, որոնք սարսափելի արարքներ են իրականացնում Սիրիայի ժողովրդի նկատմամբ, թոռներն են նրանց, որոնք ժամանակին ցեղասպանություն իրագործեցին հայերի և մյուսների դեմ: Հայերը, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ հասան Սիրիա, կազմեցին սիրիական հասարակության անքակտելի մասը, նրանք իրենց կյանքն այնտեղ ապահով շարունակեցին՝ պահպանելով իրենք ինքնությունը, կրոնը, սովորելով հայկական դպրոցներում: Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դրանցից ամենակարևորն են Դեր զորում Հայոց ցեղասպանության զոհերի եկեղեցին, Հալեպում 40 մանկանց եկեղեցին, ինչպես նաև Դամասկոսում Հայոց զոհերի հրապարակը: Այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվեցին Հայոց ցեղասպանության մասին նյութեր»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը, դեսպանը նշեց, որ Սիրիան միշտ է հիշատակել հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը: «Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ առաջ, և Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով է վերաբերվել այն սիրիացիներին, ովքեր հայկական արմատներ ունեն: Նրանք միշտ եղել են սիրիական հասարակության անքակտելի մասը: Հայոց ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել հայաբնակ շրջաններում»,- նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր