Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հայտնում են ՀՀ դատախազությունից։
2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ Հ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը եւ տեսանյութը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:
2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։
Միաժամանակ, իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (հանցաքն առերեւույթ կատարվելու պահին դեռեւս ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերեւույթ դիտավորությամբ կատարել է բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:
Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս եւ այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչեւ հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերեւույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով եւ մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ն. Ս.-ի կողմից առերեւույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին եւ օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանանացել է անմարդկային եւ նվաստացնող, դաժան վերաբերմունքի:
Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։