00:00:00

Այգեհովիտ գյուղում 62-ամյա տղամարդը կացնի երկու հարվածով սպանել է մորը, իսկ ամիսներ անց մահացել է ինքը

21:01, 09 փետրվար 2020 Իրավական

1in.am-ը գրում է․ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Սարգիս Ս.-ի գործի քննությունը:
62-ամյա Սարգիս Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ս.-ն դիտավորությամբ սպանել է իր մորը:
Համաձայն քրեական գործի նյութերի՝ 2019 թվականի մարտի 15-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի իրենց տանը Սարգիս Ս.-ն վիճաբանել է մոր՝ Օսան Ս.-ի հետ՝ տանը եղած շշում օղի չլինելու հարցով:
Վիճաբանության ընթացքում Սարգիս Ս.-ն իրենց պատշգամբում կացնի երկու հարված է հասցրել մոր գլխին: Օսան Ս.-ն տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է որդու հարվածների պատճառով ստացած վնասվածքներից : Դեպքից երեք օր անց որոշում է կայացվել Սարգիս Ս.-ի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանի որոշմամբ փորձաքննությունը նշանակվել, Սարգիս Ս.-ն տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա: Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Սարգիս Ս.-ն դեռ 2007 թվականից հաշվառված է եղել տեղի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ «Ասթենոդեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ: Ժամանակ առ ժամանակ նա բուժում է ստացել: Իսկ փորձաքննության կատարման պահին Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա,  հալյուցինատոր պարանոիդ ձև»: Ըստ փորձագիտական եզրակացության՝ իրավախախտումը կատարելու պահին Սարգիս Ս.-ն եղել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և  իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից: Սարգիս Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ: Ըստ փորձագիտական եզրակացության՝ Սարգիս Ս.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, նա սոցիալապես վտանգավոր է իր և շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործն ընդունվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ 2019 թվականի սեպտեմբերին: 2020 թվականի հունվարի 22-ի դատական նիստի ժամանակ  գործով դատախազ Վ. Սարգսյանը ներկայացրել է տեղեկանք, համաձայն որի՝ Սարգիս Ս.-ն 2020 թվականի հունվարի 9-ին մահացել է: Դատախազը նշել է, որ Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործը ենթակա է կարճման՝ անձի մահվան հիմքով: Սարգիս Ս.-ի դուստրը չի առարկել, որ հոր վերաբերյալ գործը կարճվի նրա մահվան հիմքով: Դատարանը որոշել է՝ անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով արգելված արարք կատարած անձ Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել Սարգիս Ս.-ի մահվան հիմքով: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր