ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, հավանաբար, Հայաստանը համարում է մի մեծ պահեստ, իսկ ՀՀԿ-ին էլ՝ պահեստապետ, ահա թե ինչու իրենց իշխանությունը հարցականի տակ դրվող յուրաքանչյուր դատողություն դիտարկում է որպես սպառնալիք իրենց՝ պահեստապետի պաշտոնին:
Ցավում եմ, որ մեր երկրի և դրա զարգացման շուրջ առաջարկվող գաղափարները իշխանության ներկայացուցիչների համար տեղավորվում են պահեստի ու պահեստապետի տրամաբանության մեջ. դա շատ բան է ասում նրանց թաքնված և բացահայտ ցանկությունների մասին:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը. նախ Գագիկ Մելիքյանը լավ կլինի՝ մի փոքր ջանք գործադրի և մտածի, թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը: Առայժմ, իրենց նայելով միայն կարելի է եզրակացնել, թե ինչպիսին չպետք է այն լինի:
Իսկ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, հանրության հետ անկեղծ է ու թափանցիկ, բարձրաձայնում է բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները և գնում դրանց հարթման ու ինքնազարգացման ճանապարհով»:
Գագիկ Մելիքյանը, մասնավորապես, ասել էր, որ հումորով է վերաբերում Էդմոն Մարուքյանի գրառմանը: Դա փաստում է ոչ կոռեկտ պահվածքի մասին: Նման դեպքերի համար մի հետաքրքիր խոսք կա. «Ծիտն էլ երազում կորեկի պահեստի պահեստապետ է իրեն կարծում»: Այդ ամեն ինչին պետք է հասնեն եւ հասնեն ժողովրդի վստահությամբ: Ամեն ինչ պետք է անեին, որ իրենք դառնային իշխանություն: Իշխանություն դառնալուց հետո այդ ամենն իրենք կստանային: Իսկ իշխանությունը ցանկացած քաղաքական ուժի տալիս է միայն ժողովուրդը: