00:00:00

BP ղեկավարը կարծում է, որ մեկ բարելը 100 դոլարով նավթի դարաշրջանն անցել է

22:41, 27 հունվար 2020 Տնտեսություն

Նավթի գլոբալ պահանջարկն աստիճանաբար կնվազի՝ տեղը զիջելով գազին եւ էներգիայի այլ աղբյուրներին։ Իսկ ԱՄՆ-ում արդյունահանման աճի ֆոնին դա պակաս հավանական կդարձնի շրջափուլերի կրկնությունը, երբ նավթի գները հասնում են մեկ բարելը 100 դոլարի եւ անգամ գերազանցում այդ մակարդակը։ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է արտահայտել BP ղեկավար Ռոբերտ Դադլին, որը մարտի վերջին դուրս կգա ընկերությունից։ «Նավթի եւ ածխի օգտագործումը ժամանակի հետ կնվազի։ Անշուշտ, նավթը դեռ տասնամյակներ կօգտագործվի նավթաքիմիայում։ Բայց էլեկտրաէներգիայի արտադրությունում տեղի կունենա գազով եւ էներգիայի այլ աղբյուրներով նավթի աստիճանական փոխարինում»,- համոզված է նա։ Դադլիի կարծիքով՝ «նավթի գլոբալ պահանջարկի նվազումը տեղի կունենա արդեն այս հարյուրամյակում»։ Միեւնույն ժամանակ, առանձին երկրներում պահանջարկի անկումը կարող է զգալի լինել ներքին այրման շարժիչների օգտագործման սահմանափակումներ մտցնելու դեպքում։ Նավթի գների բարձր տատանողականությունը պակաս հավանական է նաեւ նավթի շուկայում երրորդ խաղացողի՝ ԱՄՆ-ի հայտնվելով։ Ամերիկյան ընկերությունների կողմից արդյունահանման սրընթաց ավելացման հնարավորությունը գրեթե բացառում է նավթի դեֆիցիտի առաջացման հավանականությունը աշխարհում որեւէ տեղ, քանի որ ԱՄՆ ընկերությունները «կարող են հեշտությամբ լրացնել այն», կարծում է Դադլին։ ԱՄՆ-ը ստեղծել է գնային դեմպֆեր նավթի շուկայում, եւ հիմա գները այնքան էլ ուժեղ չեն տատանվի, ինչպես նախկինում, կարծում է նա։ BP ղեկավարի խոսքով՝ էկոլոգիայի վրա նավթային նախագծերի ներգործության հարցի հանդեպ համաշխարհային հանրության մեծ ուշադրության պատճառով կուժեղանա նաեւ ճնշումն արդյունահանող ընկերությունների վրա։ ESG վարկանիշերը (անկախ վարկանիշեր, որոնք գնահատում են արդյունաբերական ընկերությունների գործունեությունն ըստ ներգործության երեք գործոնների՝ շրջակա միջավայր, սոցիալական ոլորտ եւ կառավարում) արդեն այսօր դժվարացնում են նման նախագծերի ֆինանսավորման ներգրավումը, թեեւ, Դադլիի կարծիքով, նման մոտեցումը «չափազանց պարզեցված է»։ «Այո, եվրոպական եւ որոշ ամերիկյան ընկերություններ տառապում են այդ երեւույթից»,- ասել է նա։ Նավթային նախագծերի արգելումը, ինչի մասին շատ խոսվեց Դավոսում, չի լուծի վնասակար արտանետումների խնդիրը, կարծում է BP ղեկավարը։ Երկրի բնակչությունը առաջիկա 20 տարիներին, ՄԱԿ կանխատեսմամբ, կավելանա եւս 2 մլրդ մարդով, ինչը համարժեք է եւս մեկ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հայտնվելուն մոլորակում, եւ աշխարհն էներգիայի կարիք կունենա։ Վերարտադրվող էներգիայի աղբյուրները (ՎԷԱ) այժմ ապահովում են ողջ պահանջարկի միայն 3-4 տոկոսը։ Այդ մարտահրավերները կփոխեն ճյուղի պատկերն արդեն առաջիկա 10 տարիներին եւ այսօրվա նավթային ընկերությունները կվերածեն բազմապրոֆիլ էներգետիկ ընկերությունների, որոնք շատ տեխնոլոգիաներ եւ նախագծեր կստեղծեն, որոնք այսօր այնքան էլ շահութաբեր չեն, ինչպես գազն ու նավթը, բայց թույլ կտան նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, համոզված է նա։ BP-ն աշխարհում ամենամեծ նավթագազային ընկերություններից է, իր բիզնեսը դիվերսիֆիկացրել է ի հաշիվ ՎԷԱ նախագծերի ներառման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր