Irakanum.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների մասին տեղեկություններ: Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք մի շարք նախարարների եւ պատգամավորների եկամուտների մասին տվյալներ: Այժմ ներկայացնում ենք, թե ինչ ունեցվաք ունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: 27-ամյա Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի:
Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան և երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար և 122 հազար եվրո:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ:
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների ժամանակ գրեթե 100 տոկոսանոց արդյունք գրանցած Առուշանյանը արդեն իսկ գրանցվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրան կարելի է դասել ֆեյսբուքյան մասամբ ակտիվ օգտատերերի շարքին: Առուշանյանը տեղադրում է լուսանկարներ քաղաքի այս կամ այն հատվածում կատարված մաքրման աշխատանքներից, սակայն որեւէ ֆինանսական հաշվետվություն կատարած ծրագրերի եւ աշխատանքների վերաբերյալ ոչ քաղաքապետարանի պաշտոնական կայքում եւ ոչ էլ երիտասարդ քաղաքապետի ֆեյսբուքյան էջում չկա:
Նշենք, որ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գործարար է: Նրան է պատկանում 1995թ. հիմնադրված «Առանցք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է շինանյութերի վաճառքով:
Irakanum.am