ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Լրացուցիչ պատժամիջոցների ցանկում ներառվել են Չինաստանի եւ Իրանի քաղաքացիներ, ինչպես նաեւ նավթային սեկտորի կազմակերպություններ:
Հաղորդագրության համաձայն, պատժամիջոցները հոնկոնգյան Triliance Petrochemical Co, Ltd եւ Sage Energy HK Limited ընկերությունների, շանհայյան Peakview Industry Co, Limited, ինչպես նաեւ ԱՄԷ-ում տեղակայված Beneathco DMCC ընկերությունների նկատմամբ են սահմանվել: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ հիշյալ ընկերությունները կապ ունեն իրանական նավթի անօրինական արտահանման հետ:
Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ կրճատելու է իրանական նավթի արտահանումը՝ հասցնելով 0-ի եւ լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանից նավթի արտահանում կազմակերպող ընկերությունների նկատմամբ:
Ավելի վաղ, հունվարի առաջին կեսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել իրանական լեռնահանքարդյունաբերական եւ մետալուրգիական 17 ընկերությունների, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք գնումներ էին կատարել իրանական այդ ընկերություններից: