00:00:00

Կանադայի դատարանը Volkswagen-ին գրեթե 150 մլն դոլարով տուգանել է դիզելային սկանդալի վերաբերյալ գործով

18:49, 23 հունվար 2020 Աշխարհ

Չորեքշաբթի Կանադայի դատարանը որոշել է գերմանական Volkswagen կոնցեռնին տուգանել 149,5 մլն դոլարով՝ ընկերության ավտոմեքենաների արտաժայթքման գազերի մեջ պարունակվող վնասակար նյութերի մասին տվյալների մանիպուլյացիաների վերաբերյալ գործով, հայտնում է Reuters-ը: Գործակալության տեղեկություններով՝ ընկերությունն իր մեղքն ընդունել է: Դատախազ Թոմ Լեմոնը հայտարարել է, որ տուգանքի չափն «աննախադեպ» է: «Այն [տուգանքի գումարը] 26 անգամ գերազանցում է շրջակա միջավայրի դեմ հանցագոծությունների համար ամենամեծ դաշնային տուգանքը»,- հավելել է նա: Ավտոմեքենաշինական կոնցեռնից հայտարարել են, որ որպես տուգանք վճարված միջոցները կհատկացվեն բնապահպանության հետ կապված ազգային եւ նահանգային նախագծերի աջակցությանը: Ընկերությանն ավելի վաղ՝ դեկտեմբերին մեղադրանքներ էին առաջադրել, որ Կանադա է ներմուծել ավելի քան 180 հազար ավտոմեքենա, որոնք չեն համապատասխանել արտաժայթքման գազերում վնասական նյութերի թույլատրելի պարունակության մասին բնապահպանական ստանդարտներին: Դիզելային սկանդալը, որի կենտրոնում սկզբնապես հայտնվել էր Volkswagen-ը, բռնկվել էր 2015 թվականին: Պարզվել է, որ կոնցեռնի ավտոմեքենաները հագեցած էին ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տվել նվազեցնել արտաժայթքման գազերի մեջ վնասակար նյութերի պարունակության ցուցանիշները: Իրականում դրանք մի քանի անգամ գերազանցում էին օդի աղտոտման սահմանված առավելագույն մակարդակը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր