Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Հարցին՝ աղջկա հարազատները որեւէ բողոք հասցեագրե՞լ են ՄԻՊ-ին, Նունե Հովսեփյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ վարույթը հարուցվել է իրենց նախաձեռնությամբ:
ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետի փոխանցմամբ՝ վարույթ է հարուցվել նաեւ աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի բողոքների վերաբերյալ. «Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարց, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել է մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված: Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է երեկ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Երկու բողոքներն էլ ՄԻՊ-ը սահմանված կարգով ընդունել է քննարկման եւ վարույթ սկսել»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ այսօր կիրականացվի այց քրեակատարողական հիմնարկ՝ Ռաֆայել Սուքիասյանին տեսակցելու եւ նրա հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: