
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր ևս չկայացավ: Ռ. Քոչարյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանները չէին ներկայացել դատական նիստին՝ դա բացատրելով հնչեցված սպառնալիքների հանդեպ դատարանի ոչ պատշաճ վերաբերմունքով: Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, դատարանի ստացած հայտարարության մեջ փաստաբանները նշում են, որ հունվարի 9-ին դատարանը հնչեցված սպառնալիքներին պատշաճ կերպով չի արձագանքել: Այդ պայմաններում պաշտպանության կողմը կարծում է, որ զրկվել է իր գործառույթները լիարժեք կատարելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ նույն պատճառով նախորդ նիստը բաց թողեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ինչի հետեւանքով նիստը չկայացավ: «Հաշվի առնելով այն, որ նիստը չի կարող անցկացվել նման պայմաններում, նիստը հետաձգվում է»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին ժամը 13:00-ին: Ինչպես հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը, նիստին չեն ներկայացել Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ «Պաշտպանները նշել են, որ 2020թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները»,- ասված է հաղորդագրությունում։