«Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա նրա գլխավորությամբ վերջին նիստն է: Երկուշաբթի՝ ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանն ու իր թիմը հրաժարական կներկայացնեն: Դրանից հետո նրանք կհամարվեն ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչեւ տեղի կունենա նոր վարչապետի ընտրություն, ով էլ կձեւավորի կառավարության նոր կազմը:
Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի աթոռին այլեւս չի նստի: Սերժ Սարգսյանը հոգացել է դա: Կարապետյանն առնվազն ստիպված է լինելու համակերպվել առաջին փոխվարչապետի պաշտոնին, եթե իհարկե Սերժ Սարգսյանի կողմից նման առաջարկություն լինի:
Մյուս կողմից հարց է առաջանում, թե ովքե՞ր էին ուրախացողները, ում նկատի ուներ վարչապետը: Կարեն Կարապետյանն իր կաբինետում ունի թիմակիցներ, եւ դժվար թե նրանք երջանիկ լինեն, որ հրաժարական են ներկայացնելու, ավելին՝ վերանշանակման հույսեր բոլորովին չունենալով: Սա էլ ենթադրում է, որ «չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել» կոչը Կարապետյանն ուղղել է իրականում ոչ թե կառավարության անդամներին, այլ ՀՀԿ-ականներին, ովքեր չեն թաքցնում իրենց երջանկությունը, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Գաղտնիք չէ, որ Հանրապետականները վարչապետի պաշտոնին տեսնում են իրենց անփոխարինելի Սերժ Սարգսյանին:
Irakanum.am