Անցած տարի Քննչական կոմիտեում քննվել է 131 քրեական գործ, որոնցից 84-ը եղել է երեխաների նկատմամբ կատարված։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանի խոսքով՝ սեռական բռնության են ենթարկվում հիմնականում 14-17 տարեկանները։ Երեխաները հիմնականում սեռական բռնության են ենթարկվում գիտակից անձանց կողմից, և բռնարարին ավելի հեշտ է բռնության ենթարկել անչափահասներին, քանի որ նրանք ավելի թույլ են։
Թումասյանի խոսքով՝ կան դեպքեր, երբ երեխաների նկատմամբ սեռական բռնություն են գործադրում անչափահաս տարիքում բռնության ենթարկվածները։
2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ։ 2017-ին ընտանեկան բռնությունների վերաբերյալ քրեական գործերի թիվն աճել է՝ հասնելով 458-ի։ Անցած տարվա համեմատ 65 գործով աճել է նաև անչափահասների նկատմամբ քրեական գործերի թիվը։ Ընդ որում, երեխաների նկատմամբ հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են հենց սեռական հանցագործությունները։