00:00:00

Հռոմի պապն այսօր կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ 2 կաթողիկոսների հետ

17:32, 05 ապրիլ 2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր՝ ապրիլի 5-ին, Վատիկանում հանդիպելու է Հայաստանի նախագահի եւ երկու Կաթողիկոսների հետ, հայտնում է News.am-ը: «Ռադիո Վատիկան»-ից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանի եւ Հռոմի պապի հանդիպումը նախատեսված է այսօր Վատիկանով ժամանակով ժամը 10,00-ին, այնուհետեւ կլինի հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս հանդիպումներից հետո Հռոմի պապը արդեն Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արեւելքի եւ Արեւմուտքի իսկական կամուրջ եւ էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը: Հիշեցնենք, որ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագեց երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ նախագահ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում:

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջեւ։

Ի դեպ, Vatican News-ն էլ այսօր տեսանյութով անդրադարձել է և վերհիշել 2016 թվականի ամռանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած ճանապարհորդությունը։ Հայաստան կատարած այցի շրջանակում Հռոմի պապը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ նվեր է ստացել Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի փոքր օրինակը։ https://www.youtube.com/watch?v=YuBMtWadDag

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր