00:00:00

Վիետնամի տեղեկատվության նախկին նախարարը ցմահ ազատազրկվել է կոռուպցիայի մեղադրանքով

17:00, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Վիետնամի տեղեկատվության եւ հաղորդակցության նախկին նախարար Նգուեն Բակ Շոնը (2011-2016 թվականներ) դատապարտվել է ցմահ բանտարկության կաշառք վերցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այսօր այսպիսի որոշում է ընդունել Վիետնամի մայրաքաղաքի Ժողովրդական դատարանը, որը դեկտեմբերի 16-ից քննում էր կոռուպցիայի վերաբերյալ հնչեղ գործը՝ երկու նախկին նախարարների եւ երկրում բջջային կապի խոշորագույն օպերատորներից մեկի նախկին ղեկավարի մասնակցությամբ: Նգուեն Բակ Շոնից բացի, մեղադրական դատավճիռ է կայացվել եւս 13 մարդու նկատմամբ, այդ թվում՝ նախարարության ղեկավարի պաշտոնում նրա հետնորդ Չիոնգ Մին Տուանի (2016-2018 թվականներ): Դատապարտյալները պետությանը բազմամիլիոն վնաս պատճառած կոռուպցիոն սկանդալի ֆիգուրանտներն էին՝ Mobifone բջջային մասնավոր օպերատորի եւ AVG մալուխային հեռուստատեսության մասնավոր փրովայդերի մասնակցությամբ: Վիետնամի իշխանությունները Mobifone ընկերության դեմ մեծածավալ քննություն էին վարում 2018 թվականի սկզբից: Բջջային օպերատորը մի քանի տարի առաջ, խախտելով պետական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության կանոնակարգը, ձեռք էր բերել AVG բաժնետոմսերի 95 տոկոսը եւ սկսել իր բրենդի ներքո վճարովի հեռուսատատեսային ծառայություններ մատուցել: Իրավապահ մարմինները կասկածել էին երկու ֆիրմաների միջեւ պայմանավորվածություններում կոռուպցիոն բաղադրիչի առկայություն եւ ստուգում էին նախաձեռնել: Նրանց հաջողվել էր պարզել, որ գործարքը կատարվել է բազմաթիվ խախտումներով, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել էր ավելի քան 7 տրլն դոնգի (300 մլն դոլարից ավելի) վնաս: Նգուեն Բակ Շոնը եւ Չիոնգ Մին Տուանը կալանավորվել էին պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեղադրանքով, այս տարվա ապրիլին իրավապահ մարմինները նրանց առաջադրել էին կաշառք ստանալու լրացուցիչ մեղադրանք՝ անօրինական գործարք կնքելուն օժանդակելու համար: Կոռուպցիոն սխեմայի քննության ընթացքում ոստկանությունը կալանավորել է նաեւ Mobifone-ի երկու նախկին եւ մեկ գործող գլխավոր տնօրենի, գլխավոր տնօրենի նախկին տեղակալի եւ երեք գործող տեղակալների, Տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարության կոմերցիոն ձեռնարկությունների կառավարման դեպարտամենտի պետին եւ AVG-ի նախկին սեփականատեր, բիզնեսմեն Ֆամ Նյատ Վուին, որը Վիետնամի ամենահարուստ մարդ միլիարդատեր Ֆամ Նյատ Վիոնգուի հարազատ եղբայրն է: Նրանք դատապարտվել են 2,5-ից մինչեւ 23 տարվա բանտարկության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր