«Ելք» դաշինքում տարաձայնություններն ավելի ընդգծվում են ամեն օրվա հետ, բայց մեր դիրքորոշումները միշտ եղել են կառուցողական և կշարունակեն մնալ կառուցողական», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է՝ դաշինքում երբեք համաձայնության գաղջ մթնոլորտ չի եղել։
«Ելք» դաշինքում երբեք, այսպես ասած, համաձայնության գաղջ մթնոլորտ չի եղել, և մենք մշտապես էս ընթացքում էլ, միշտ իմացեք, սուր բանավեճեր ենք ունեցել հենց առաջին օրից, և էդ բանավեճերը որևէ ձևով չեն նվազեցնում տեսակետների տարբերությունը, չեն նվազեցնում իմ հարգանքը մեր գործընկերների նկատմամբ, և ես նաև ինձ հաշիվ եմ տալիս, որ ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ և ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ, որ այս գործընթացն իրականացնում եմ և ամբողջությամբ տեղավորվում է «Ելք» խմբակցության նախկինում կայացրած որոշումների և արած հայտարարությունների վրա։ Իհարկե այդ տարաձայնությունները, ցավոք սրտի, ավելի ընդգծվում են ամեն օրվա հետ, բայց մեր դիրքորոշումները միշտ եղել են կառուցողական և կշարունակեն մնալ կառուցողական», - ասել է Փաշինյանը։
Հարցին, թե «Ելք» դաշինքը գնո՞ւմ է դեպի լուծարման, թե՞, ամեն դեպքում, տարաձայնությունների փուլը կհարթվի, Փաշինյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ «Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները, և ես կարծում եմ, որ «Ելք» դաշինքի ընտրողների կամքը և ընտրողների տեսակետը պետք է այս պրոցեսում հաղթի։ Ես որպես «Ելք» խմբակցության ղեկավար ինձ համարում եմ նաև այդ գործընթացի պատասխանատուն և երաշխավորը, որ որևէ մեկը չի կարող «Ելք» դաշինքի ընտրողների քաղաքական ուղերձները, որ նրանք տվել են մեզ ընտրական պրոցեսի ընթացքում ուղղակի շրջանցել և արհամարհել»։
Դիտարկմանը, թե Մարուքյանը, մերժելով փողոցային պայքարը, որպես պայքարի ձև նշել էր վերահսկողական մեխանիզմ ունեցող որոշ պաշտոններ ընդդիմությանը զիջելու տարբերակը, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ես կարող եմ միանշանակ ասել, որ իմ քայլարշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի և չի ունեցել, և այս համատեքստում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, և ես սա ասում եմ որպես ոչ միայն «Իմ քայլը» շարժման մասնակից, այլև ասում եմ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։ Ես բացառում եմ այդ հարցում համաձայնությունն իշխանության հետ»։