Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոնտենեգրոյի արևելքում գտնվող Տարա գետի վրայով անցնող Ջուրջևյան կամրջի վրա՝ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ:
«Ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել եպիսկոպոս Մեթոդիին: Ծեծի են ենթարկվել նաև այլ հավատացյալներ, նրանց հարվածել են ոտքերով և մահակներով: Տուժել է երկու հավատացյալ. մեկի ազդրն է կոտրվել, մյուսի` անրակը»,-նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարությունը դեռևս մեկնաբանություն չի տվել:
Երկրի խորհրդարանն անցյալ գիշեր ձայների մեծամասնությամբ օրենք է ընդունել դավանանքի ազատության և կրոնական համայնքների իրավական կարգավիճակի մասին: Շատերը կարծում են, որ օրենքը խախտում է Սերբական ուղղափառ եկեղեցու իրավունքները: Ընդդիմությունն ամբողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում: Բերման է ենթարկվել 55-ից ավելի մարդ, այդ թվում` ընդդիմադիր պատգամավորներ:
Իր հերթին, նախագահ Միլո Ջուկանովիչը մեղադրել է Սերբական ուղղափառ եկեղեցուն՝ երկրում կրոնական մենաշնորհը պահպանելու փորձի համար: