ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ղեկավարած կառույցը պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսելու առումով թերեւս քիչ մրցակիցներ ունի: Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե անհրաժեշտ է հարկատուների գրպանից գոյացող միջոցները արդյունավետ ծախսել, եւ խնայողություններ անել, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հակառակն է անում: Irakanum.am-ը պարզեց, որ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն միայն 55 միլիոն դրամ է վճարել Հայ փոստին փոստային ծառայությունների համար: Տպավորություն է ստեղծվում, թե ՊԵԿ-ում դեռ քարե դարն է, եւ այստեղ մարդիկ հաղորդակցվում են բացառապես փոստի միջոցով:
Ամբողջ աշխարհը վաղուց անցում է կատարել էլեկտրոնային հաշվետվության տարբերակին, բացի Վարդան Հարությունյանի ղեկավարած ՊԵԿ-ից: Այստեղ դեռ նամակները եւ հաշվետվությունները փոստի միջոցով են ուղարկում, դրա դիմաց հսյակական գումարներ վատնելով:
«Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։ Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կկատարի անհրաժեշտ ստուգումներ դաշտերի լրացման եւ մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։ Համակարգը կդառնա հաշվետվությունների վրա աշխատելու հարմարավետ եւ վստահելի գործիք, այն անմիջապես կարտացոլի օրենսդրական եւ նորմատիվ բոլոր փոփոխությունները, որոնք առնչվում են հաշվետվությունների ներկայացմանն ու հարկային պարտավորությունների հաշվարկման դրույքաչափերին եւ բանաձեւերին»։ Սա հատված էր ՊԵԿ կայքից: Վարդան Հարությունյանին չէր խանգարի գոնե մեկ անգամ կարդար ղեկավարած կառույցի պաշտոնական կայքում զետեղված եւ նրա ու տեղակալների կողմից թմբկահարվող տեղեկատվության մասին, թե վաղուց անցում են կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման մեխանիզմին:
Համեմատության համար նշենք, որ օրինակ Սփյուռքի նախարարությունը Հայ փոստին փոստային ծառայությունների դիմաց վճարել է 5 միլիոն դրամ:
Փայլակ Ֆահրադյան