Սաուդյան Արաբիայի իշխանությունները բազմամյա բանավեճերից հետո վաղ ամուսնությունների արգելք են մտցրել՝ օրենսդրությամբ թույլատրելի ամուսնության տարիք սահմանելով 18-ից ոչ պակասը, հայտնում է Saudi Gazette-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ երկրի արդարադատության նախարար Վալիս աս Սամաանին նոր օրենքն ուղարկել է բոլոր տեղական դատարաններ:
Այն դեպքում, եթե 18 տարեկանից փոքր դեռահասը ցանկանում է ամուսնանալ, թույլտվություն պետք է տան հատուկ դատարանները: Դրանք են որոշելու՝ վաղ ամուսնությունն արդյոք բացասաբար չի՞ անդրադառնա պատանի նորապսակի եւ նրա ապագայի վրա:
Նոր օրենքի ընդունումը հաջորդել է այս տարվա հունվարին ուժի մեջ մտած 15 տարեկանից փոքր դեռահասների ամուսնանալու արգելքին: Մինչ այս Սաուդյան Արաբիայում օրենքը չէր սահմանում ամուսնանալու նվազագույն տարիք, ինչի հետեւանքով աղջիկներին ամուսնացնելու խնդիրն անչափ արդիական էր դարձել: 2017 թվականին սաուդյան խորհրդարանի՝ Մեջլիս աշ Շուրայի (խորհրդակցական խորհուրդ) մի քանի ներկայացուցիչներ արդարադատության նախարարություն նամակ էին ուղարկել՝ պահանջելով արգելել 15 տարեկանից փոքր աղջիկների ամուսնությունը:
Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների՝ աշխարհի 117 երկրում թույլ են տալիս երեխաներին ամուսնանալ որոշակի հանգամանքներում կամ օրենսդրորեն չեն սահմանում ամուսնանալու տարիքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում ամուսնանում է 39 հազար երեխա: