Չինաստանի քաղաքացին, որը 2003 թվականին մասնակցել էր ճապոնական ընտանիքի սպանությանը, հինգշաբթի առավոտյան Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի արդարադատության նախարար Մասակո Մորին, փոխանցում է NHK հեռուստաալիքը:
«Դաժան արարքը, որը խլել է ամբողջ ընտանիքի կյանքը, այդ թվում՝ 8 եւ 11 տարեկան երեխաների, կատարվել է շահադիտական նպատակներով: Իմ կողմից մանրակրկիտ եւ կշռադատված քննարկումից հետո մահապատիժն իրագործելու հրաման է տրվել»,- ասել է ճապոնացի նախարարը:
Մահապատիժն իրագործվել է կախաղան բարձրացնելու միջոցով:
Վեյ Վեյ անունով չինացին 2 չինացի ուսանողների հետ 2003 թվականին ճապոնական Կյուսյու կղզու Ֆուկուոկա քաղաքում կատարել էր ընտանիքի կողոպուտ եւ սպանություն: Ճապանացի ոստիկանները Վեյ Վեյին կալանավորել էին, մինչդեռ նրա հանցակիցներին հաջողվել էր Չինաստան փախչել, որտեղ նրանք նույնպես կալանավորվել էին: Նրանցից մեկը մահապատժի էր ենթարկվել, մյուսը՝ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Չինացի նախկին ուսանողի մահապատժի դատավճիռը կայացվել էր 2011 թվականին:
Ճապոնիայում վերջին անգամ բարձրագույն պատիժը կիրառվել էր այս տարվա օգոստոսին երկու դատապարտյալների նկատմամբ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի պաշտոնավարման ընթացքում այս մահապատիժը դարձել է 39-րդը:
Ճապոնիայում հիմա մահապատժի է սպասում ավելի քան 100 մարդ: Մահապատժի դատավճիռները, որպես կանոն, ի կատար են ածվում կախաղանի միջոցով, բայց ոչ անմիջապես, այլ դատավճռից մի քանի տարի հետո: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ճապոնիային կոչ են անում այս պատժատեսակը վերացնել որպես անմարդկային: Դատապարտյալը կարող է տարիներով սպասել մահապատժին, բայց այդ մասին իմանում է միայն մահապատիժն իր կատար ածելու օրվա առավոտյան: Արտասահմանից հնչող քննադատությանը ճապոնացիները պատասխանում են, որ ի տարբերություն ուրիշ երկրների՝ Ճապոնիան հանցագործներին չի գնդակահարում հանցագործության վայրում: