Տնային օգտագործման համար ԴՆԹ թեստի հավաքածուները կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ զինծառայողների անվտանգությանը, նշված է Պենտագոնի ներքին գրության մեջ:
«ԴՆԹ թեստի հավաքածուները կարող են բացահայտել անձնական եւ գենետիկ տեղեկությունները եւ հնարավոր է՝ հանգեցնեն անվտանգության համար չկանխամտածված հետեւանքների եւ միացյալ ուժերի ու առաքելությունների համար մեծ ռիսկի»,- գրել են պաշտպանության փոխնախարար Ջոզեֆ Դ. Քերնանը եւ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Ջեյմս Ն. Սթյուարթը:
Գրությունը, որը հայտնվել է Yahoo News-ի տրամադրության տակ, հավաքածուներն օգտագործող զինծառայողներին նախազգուշացնում է, որ դրանք կարող են տալ առողջական վիճակի ոչ ստույգ գնահատականներ, նաեւ մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, թե գենետիկ տեղեկությունն ինչպես կարող է օգտագործվել մարդկանց զանգվածային հետազոտության եւ հետեւելու համար: Գրությունը հիմնականում նվիրված է առողջական վիճակի գնահատմանը, քանի որ զինծառայողները պարտավոր են հայտնել իրենց առողջական վիճակում փոփոխությունների մասին: Թեստերը կարող են հայտնաբերել՝ մարդն արդյոք ենթակա՞ է որոշակի հիվանդությունների ռիսկին, ինչպես, օրինակ, քաղցկեղի կամ դիաբետի:
Գրության մեջ չի նշվում, որ սպառողական թեստերի ժամանակ հավաքված գենետիկ տվյալներն օգտագործվում են ոչ ըստ նշանակության, բայց դրա հետ մեկտեղ առաջանում է մտավախություն, որ գենետիկ տեղեկությունները ընդհանուր առմամբ կասկածելի նպատակներով են հավաքվում:
New York Times-ի տեղեկություններով՝ այնպիսի երկրները, ինչպիսին Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են, գործիքներ են մշակում, որոնք կարող են ԴՆԹ-ի նմուշի հիման վրա մարդու տեսակ ստեղծել: