Այս շաբաթ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ չի հրավիրի: ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը մեկնելու է Վատիկան՝ մասնակցելու Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը: Սա ենթադրում է, որ կուսակցությունն այս շաբաթ եւս չի քննարկի վարչապետի թեկնածուի հարցը: Չնայած, որ ընդհանուր առմամբ այս հարցի շուրջ քննարկում իրականացնելու անհրաժեշտություն բնավ չկա: Արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը:
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով վարչապետի թեկնածուի մասին ՀՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի ապրիլի 13-ին:Նշենք, որ հենց այդ օրն էլ նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում: Իշխող Հանրապետական կուսակցությունից վստահեցնում են, թե որոշակի անակնկալներ են նախատեսված: Լինելու են շրջադարձային փոփոխություններ:
Վարչապետի թեկնածուի մասին պաշտոնապես այդ օրը հայտարարելը ունի նաեւ իր բացատրությունը: Ինչպես հայտնի է ապրիլի իննին նախատեսված է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը եւ այդ կապակցությամբ Հայաստան են ժամանելու օտարերկրյա մի շարք պատվիրակներ: ՀՀԿ-ում ծրագրում են Սերժ Սարգսյանին՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարել ինագուրացիայից օրեր անց, որպեսզի հասարակական դժգոհությունը, որը կարող է արտահայտվել փողոցային պայքարով օտարերկրյա պաշտոնյաների աչքից հեռու լինի: Սերժ Սարգսյանը խնդիր ունի նաեւ միջազգային հանրության մոտ ցույց տալ, որ ինքը բոլորի համար «ընդունելի» եւ «անփոխարինելի» թեկնածուն է:
Irakanum.am