00:00:00

ԱԱԾ-ն ձերբակալել է աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին

19:25, 04 ապրիլ 2018 Իրավական

Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ  ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից,  պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝  խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, իր անձի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով Նորայր Մինասյանը տուժողի հետ որպես հանդիպման վայր է ընտրել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքին հարող մերձակա տարածքը, որտեղ էլ փորձել է ստանալ գումարի մնացած մասը, սակայն անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Նորայր Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անցանկալի, այդ թվում` քրեական պատասխանատվություն նախատեսող հետևանքներից խուսափելու համար նման իրավիճակներում զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ թվացյալ դյուրին ճանապարհով` պաշտոնատար անձանց միջնորդությունների միջոցով, այսպես կոչված`  հարցեր կարգավորելու գայթակղությունից։ Նորայր Մինասյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24  հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր