Քառօրյան ապրիլյան ռազմական լայնածավալ գործողություն էր. այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ դասեր ենք քաղել ապրիլյան քառօրյայից այս 2 տարվա ընթացքում: Նա հավելեց, որ նախքան ապրիլյան պատերազմը Ադրբեջանի ՊՆ-ն մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ԱՄՆ Պաշտպանության նախարարի հետ:
«Միացյալ նահանգները և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հույս ունեին, որ կայծակնային լայնամասշտաբ գործողությունները արդյունավետ կլինեին Ադրբեջանի զինված ուժերի համար»,-կարծում է նա:
Նահապետյանը հավելեց, որ մեր ժամկետային զինծառայողների առջև նետվել էին Թուրքիայում պատրաստված մարտիկների: «Մենք ունեցել ենք որոշակի տարածքային կորուստներ, բայց Ադրբեջանը ցանկանում էր ավելի խորը գնալ, չստացվեց»:
Ռազմական փորձագետն ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհերը ավելի քիչ կարող էին լինել, քան եղան: «Այն սարքերը, որ տեղադրվեցին հետո, հարց՝ ինչո՞ւ դրանք տեղադրված չէին»,-նկատեց նա:
Վերջինս հավելեց, որ ներկայումս հակառակորդը գիտի, որ մենք ունենք այդ սարքավորումներն, ու հենց այդ պատճառով էլ դիվերսիաներն էլ նվազել են:
Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ ոչ ճիշտ որոշումներ են եղել նաև կադրային հարցերում, որոնք հետո շտկվեցին:
«Իսկ պատերազմ չի լինելու, որովհետև եթե լինի, կնշանակի, որ ՀՀ-ն Արցախի հետ պայմանագիր է կնքում, և այլևս գործողության մեջ կարող է դրվել ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությունը»:
Բացի այդ Թուրքիան կներգրավվի պայքարում, ըստ նրա, ինչը կդարձնի խնդիրը համաշխարհային վտանգ: