00:00:00

Գերմանիայում կոչ են անում պատասխանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

00:30, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) համանախագահ Զասկիա Էսքենը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի հաստատած պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ։ Պատժամիջոցներ մտցնելը «այնքան էլ բարեկամական քայլ չէ», ասել է նա, տեղեկացնում է DW-ն։ Իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցության ղեկավարի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը չպետք է այս որոշումն անպատասխան թողնի։ Էսքենը «շատ խնդրահարույց» է համարում, որ Միացյալ Նահանգները այդկերպ փորձում է «ազդել եվրոպական գործողությունների վրա»։ Գերմանական մեքենաշինարարների եւ արդյունաբերական սարքավորումներ արտադրողների միավորումը (VDMA) կոչ է անում Գերմանիայի իշխանություններին հանդես գալ եվրոպական բիզնեսի պաշտպանության նախաձեռնությամբ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին։ «Բեռլինում եւ Բրյուսելում ի վերջո պետք է սկսվեն բանավեճեր այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանել եվրոպական ընկերությունները արտատարածքային պատժամիջոցներից, անկախ այն բանից, թե որ պետությունն է դրանք մտցնում»,- ասել է միավորման ղեկավար Թիլո Բրոդտմանը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ի վիճակի չէ կանխել այլ պետությունների պատժամիջոցները, բայց կարող է «մեղմել դրանց ազդեցությունը եւ դրանով իսկ նվազեցնել դրանց հաջողությունը»։ Միեւնույն ժամանակ, Գերմանիան, որպես խոշոր արտահանողներից մեկը, պետք է նախաձեռնություն վերցնի այս հարցում, համոզված է VDMA ղեկավարը։ Նախօրեին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներին, որոնց համար դեկտեմբերի 11-ին արդեն քվեարկել էր Ներկայացուցիչների պալատը։ Տուգանային միջոցները դրվել են 2020 թվականի ԱՄՆ նոր պաշտպանական բյուջեի հիմքում։ Օրենքի ուժի մեջ մտնելու համար մնացել է սպասել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը, որը մինչ այդ ասել էր, որ կստորագրի օրենքն «անմիջապես, հենց որ այն հայտնվի իր աշխատասեղանին»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր