Ձերբակալվածների թվում են երեք տղա և երկու աղջիկ, բոլորը՝ 15-18 տարեկան: Բացի սպանությունից, նրանց նաև մեղադրում են անկարգություններ հրահրելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի բողոքի ակցիաների ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ աղյուսով հարվածել են տարեց տղամարդու գլխին, և նա կորցրել է գիտակցությունը: Տուժածը եղել է 70-ամյա հավաքարար, որը որոշել է լուսանկարել ցուցարարների և տեղի բնակիչների քաշքշուկը, որի ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել:
Նրան հաջողվել է օպերատիվ կերպով տեղափոխել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մահացել է:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից: