00:00:00

Իտալիայում օդերևութաբանական վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել

20:30, 13 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Այսօր` դեկտեմբերի 13-ին, Իտալիայի մի շարք շրջաններում հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ և տեղացիների համար անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել, ուստի Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ` Կամպանիա, Տոսկանա և Սարդինիա շրջաններում օդերևութաբանական վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հռոմում և Նեապոլում փակվել են դպրոցներ ու մանկական հաստատություններ, հանրային զբոսայգիներ ու գերեզմանատներ: Մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին սոցիալական ցանցերի միջոցով դիմել է հայրենակիցներին՝  խնդրելով առավելագույնս սահմանափակել քաղաքով տեղաշարժը և հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից: «Մեզ համար մեր երեխաների և բոլոր քաղաքացիների անվտանգությունն առաջնային է», - նշել է նա: Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը նույնպես հանդես է եկել քաղաքաբնակներին ուղղված նմանատիպ կոչով: Հինգշաբթի օրվանից Հռոմում և Միլանում գործում են քաղաքային օպերատիվ կենտրոններ, որոնց մասնագետները վերահսկում են իրավիճակի զարգացումը և անհապաղ միջոցներ են ձեռնարկում ՝ կանխելու վատ եղանակի բացասական հետևանքները: Փորձագետները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևները ստորգետնյա ջրերի ռեժիմի խանգարման կարող են հանգեցնել և դրանով մի շարք շրջաններում հիդրոերկրաբանական սպառնալիքների պատճառ դառնալ: Քաղաքային իշխանությունների ամենամեծ մտահոգություններից են երթևեկության կազմակերպման հետ կապված հնարավոր լուրջ խնդիրներն ու ծառերի տապալման հնարավորությունը, ինչը նախկինում շատ անգամներ է հանգեցրել մարդկային կորուստների: Հավելյալ դժվարություններ են ստեղծվում ձյան հետևանքով, որոնց մեծ մասամբ Իտալիայի հյուսիսային և լեռնային շրջանների բնակիչներն են պատրաստ, սակայն դրանք երկրի կենտրոնական մասում և հարավում որպես անոմալիա են ընկալվում: Միլանում և Թուրինում արդեն ձյուն է տեղացել: Ձյան տեսքով տեղումներ սպասվում են նաև Ֆլորենցիայում: Օդերևութաբանները զգուշացնում են Իտալիայի Ալպերում և ալպյան շրջաններում ուժեղ քամով ուղեկցվող ձնաբքի վտանգի մասին: Կանխատեսումների համաձայն՝  քամու ուժգնությունը կարող է գերազանցել ժամում 100 կմ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր