Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում պատախանել է ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանին, ով խոսել էր ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանի հոդվածից.
Միհրան Հակոբյանը հղումներ է կատարում սահմանադրության վրա, նշում, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության հակակշիռն ու այլընտրանքն է:
Սակայն, նա մոռանում է արձանագրել, որ դե յուրե ամրագրված իրավական դրույթները փաստացի շրջանցվել ու սահմանափակվել են քաղաքական որոշման արդյունքում: Ավելին, առանձին օրենքների մակարդակում սահմանադրության մի շարք դրույթներ ըստ էության չեզոքացվում են: Էդմոն Մարուքյանի հոդվածում մանրամասնորեն նշվում են վերջիններս՝ որպես Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վառ ապացույցներ:
Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները պետք է տիրապետեն և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանությանը վերահսկող մեխանիզմներ: ՀՀԿ-ի կենացային բարեփոխումները ընդամենը շղարշ են՝ կոծկելու համար սեփական քաղաքական սնանկությունը, որը ավելի ու ավելի է հանգեցնում քաղաքական մոնոպոլիայի հաստատմանը:
Միհրան Հակոբյանը և մյուսները կարող են շարունակել ցանկալին ներկայացնել որպես իրականություն և ամեն ինչ գնահատել այդ կեղծ իրականության դիրքերից, բայց դա անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար, քանի որ դա արդեն ոչ թե խելագարության կանխավարկած է, այլ քաղաքական անմեղսունակության հաստատում: