Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։ Կայքի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղազարյանի և Մ. Պողոսյանի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Մ. Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։
Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Տեղեկությունների համաձայն՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։