00:00:00

Նախարարն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

22:45, 03 ապրիլ 2018

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է  Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ:

Պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ արվեստի կրթության հիմքում համամարդկային և հումանիստական արժեքներն են դրված. «Արվեստը,  մասնավորապես կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում: Արվեստի կրթությունը մենք դիտարկում ենք քաղաքակրթական և բարոյական արժեքների համադրման համատեքստում, որպես  կրթության, հատկապես դաստիարակության կարևոր բաղադրիչ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդունելության համար, նշելով, որ  հայ ժողովրդի կրթական և մշակութային հարուստ ավանդույթները մշտապես հետաքրքրում են արվեստի հետազոտողներին և գործիչներին: Նրանք նաև տեղեկացրել են, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվել է «Հայկական հետքը Մոսկվայիկինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում» գրքույկը, որտեղ ներկայացված են բուհում ուսանած անվանի հայ կինոգործիչները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արվեստի կրթության ոլորտում համատեղ կրթական նախագծերի իրականացման հնարավորությունը:

Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված բուհի առաջատար մասնագետները և կինոգործիչները ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար հանդես կգան վարպետության դասերով: Մասնավորապես նախատեսվում են  կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ Ժողովրդական արտիստ, Օսկարի դափնեկիր Վ. Վ. Մենշովի, անիմատոր  մուլտ-ռեժիսոր Անիմացիայի ևՄուլտիմեդիայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Ե. Գ. Յարեմենկոյի և այլ հայտնի մասնագետների վարպետության դասերը: Ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանողները ԵԹԿՊԻ-իՈւսանողական թատրոնում հանդես կգան նաև «Եվգենի Օնեգին» ներկայացումով, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր