Նա նշեց, որ 31 հազար դրամ նպաստը կտրել են, քաղաքապետը խոստացել է, որ աշխատանքով կապահովի, հետո մերժել է՝ ասելով, որ քրեական գործ կա:
«Երեխաներս հիվանդ են, տղաս ծառայում է բանակում, աղջիկս վիրահատվել է: Դիմել եմ, որ որպես «Փարոս»-ում ընդգրկված, անվճար վիրահատեն, տեղեկանք չեն տվել, քանի որ ասել են՝ դու այլեւս նպաստառու չես: Երեխան ուռուցք ուներ ականջի հետեւում: Վիրահատություն են նշանակել, որից հետո պետք է ճառագայթում ստանա: Չունեմ ոչ մի հնարավորություն, որ երեխային վիրահատեմ: Սիսիանում հին՝ 2017 թվականի տեղեկանքով երեխային վիրահատել են, վիրաբույժը աջակցել է: Դրանից հետո էլի դիմել եմ քաղաքապետարան, որ գումարով օգնեն, մերժել են: Հիմա փոքր աղջկաս պատրաստում եմ վիրահատության, ոտքի շրջանում ունի բորբոքային պրոցես: Ի վիճակի չեմ վիրահատել: Վիրահատությունից հետո տղայիս ուղարկել են ծնողական խնամք, հոսանքս անջատել են: Ես քննիչին ասում եմ, ընդամենը 4 հազար է եղել, ինչի գրեմ 10 հազար դրամ, ասաց՝ գոհ եղիր, որ էդքան քիչ ենք ասում, ինչ ասում եմ՝ գրի, մեկ է՝ չես դատվելու: Իրենց ասելով գրել եմ»,-պատմեց կինը՝ հավելելով, որ իրեն խոստացել են, որ չի ազատազրկվի, բայց 6,5 տարի տվեցին: «Քանոնը պահում են կոկորդիս, ասում՝ կմտցնեմ, կգնա, ասա ես եմ՝ դու էլ պրծնես, ես էլ»,-պատմեց Հասմիկ Սարգսյանը: Նա նշեց, որ 2016 թվականից մեկ տարի աշխատել է փռում. «Ես ինքս էլ ունեմ բավական հիվանդություններ, 5 անգամ վիրահատվել եմ, ունեմ մեծ միոմաներ: Շատ վատ վիճակում, որպես զինվորի մայր ուղեգրել են «Մուրացան»-ի հիվանդանոց: Վիրաբույժն ասաց, որ չի կարելի, որ ես աշխատեմ, վառարանի մոտ կանգնեմ: Ոտքս վիրահատած է, ոսկորս բարակել է, պետք է այնքան դեղորայք ստանամ, մինչեւ ազդեցությունը կորի, ոտքս կտրվի, պրոթեզավորվի: Ես ուզում եմ աշխատեմ, ոնց երեխաներիս պահեմ: Արդեն 5 ամիս է, նպաստս կտրել են»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը 3-րդ անգամ է կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: