00:00:00

Սլովակիայում սպանվել է հետաքննող լրագրող Յան Կուցիակը

22:53, 26 փետրվար 2018 Աշխարհ

Փետրվարի 25-ին իր տանը սպանվել է սլովակ հետաքննող լրագրող, 27-ամյա Յան Կուցիակը (Ján Kuciak): Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով՝ Dennik N լրատվական կայքին: Կուցիակը սպանվել է մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչա գյուղում: Սլովակիայի ոստիկանապետ Տիբոր Գաշպարը հայտնել է, որ Կուցիակի հետ սպանվել է նաև նրա ընկերուհին՝ Մարտինա Կուշնիրովան (Martina Kušnírová): «Հնարավոր է՝ այս միջադեպը կապված է Կուցիակի հետաքննական գործունեության հետ: Սլովակիան դեռևս լրագրողների վրա հարձակման այսպիսի նախադեպ չէր ունեցել»,- Գաշպարի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: Յան Կուցիակը աշխատում էր Aktuality.sk կայքում: Նրա հետաքննությունների հիմնական թեման Սլովակիայի իշխող կուսակցության հետ առնչություններ ունեցող գործարարների հարկային խարդախություններն էին: Սպանված լրագրողի վերջին հետաքննությունը հրապարակվել էր փետրվարի 9-ին, որում պատմվում էր գործարար Մարիան Կոչների և սլովակ քաղաքական գործիչների կասկածելի կապերի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում էր Բրատիսլավայում գտնվող Five Star Residence շքեղ բնակելի համալիրի շուրջ ծագած հարկային խարդախությունների մասին: Այդ հոդվածը պատրաստելու համար Կուցիակը աշխատել էր մի քանի ամիս: 2017 թվականի հոկտեմբերին նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեռախոսազանգով սպառնալիքներ է ստացել, ինչից հետո քրեական գործ հարուցելու համար դիմել է գլխավոր դատախազություն: Նախորդ տարի այդ շենքի մոտակայքում հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով երկրի փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի հրաժարականը, ով բիզնես կապեր ուներ Five Star Residence-ի ներդրող Լադիսլավ Բաստերնակի հետ: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Յան Կուցիակի սպանությունը և կոչ է արել Սլովակիայի իշխանություններին պատժել մեղավորներին: Կազմակերպությունը հիշեցնում է, որ Եվրամիության երկրներում վերջին 10 տարիներին սա լրագրողի կամ լրագրողների սպանության հինգերորդ դեպքն էր, որոնցից վերջինը, մինչ Կուցիակի սպանությունը, մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունն էր: Աղբյուրը՝« Հետք»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր