00:00:00

ԱԺ-ը մերժեց Կարեն Կարապետյանին

19:22, 03 ապրիլ 2018

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին չի բավարարել ամանորյա տոների կրճատման վերաբերյալ օրինագծի շուրջ կառավարության ներկայացուցիչի փաստարկները եւ ներկայացված հիմնավորումները։ Օրինագիծը ուղարկվել է լրամշակման։ Այսօրվա   նիստին «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել։ Համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախաձեռնած օրինագծի՝ առաջարկվում է չեղարկել նախածննդյան տոները՝ հունվարի 3–ը, 4–ը եւ 5–ը հայտարարելով աշխատանքային օրեր։ Օրինագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։ Նա իր ելույթը  սկսել է լեզվաբան  Հրաչյա Աճառյանի խոսքերով, որ «տոնը» հայկական բառ է եւ նշանակում հանրային ելույթ՝ հանդիսավոր օր։ Միաժամանակ պաշտոնյան հավելել է, որ հնում «տոն» էին անվանում զոհերին, որոնք նախատեսված էին աստվածների համար, որի դերում հանդես էր գալիս զոհաբերվող կենդանին։

«Ժամանակի հետ տոների իմաստը փոխվել է եւ, ըստ էության, դարձել է հանդիսավոր օր, որը տոնվում է ինչ–որ նշանավոր իրադարձության կամ տոնի առթիվ»,–ասել է Ավետիսյանը։

Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, իսկ այս օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ–տնտեսական եւ ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Փոխնախարարի ելույթը եւ ներկայացված հիմնավորումները առաջ բերեցին ոչ միայն ԱԺ փոխխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, այլ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի տարակուսանքը, որը օրինագիծը դպրոցական շարադրություն անվանեց. «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որեւէ կապ չունեն»,- ասաց պատգամավորը: Ի վերջո, մշտական հանձնաժողովը առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը եւ կրկին քննարկել դրա լրամշակումից հետո։ Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ տարեվերջյան նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Հունվարի առաջին 15 օրը ամփոփում ենք, ներկայացնում հանրությանը՝ ի՞նչ ենք արել։ Հաջորդ 15 օրը բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսում ենք 2018 թ-ի անելիքները։ Նամանավանդ, որ վերջին երկար արաձակուրդն է Նոր տարվա, առաջարկում եմ լավ վայելեք։ 2019 թ-ի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի։ Վստահ եմ որ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,-նշել էր  Կարեն Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր