Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով Գյումրիի Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել հիվանդանոցի կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ ՀՀ կառավարության ներկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի եւ շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջեւ 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն Հուշագրի՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման եւ կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումն կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:
Քաղաքաշինական գործընթաց մեկնարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարության մասնագետները այցելություն են իրականացրել Գյումրի՝ անհրաժեշտ տեղանքի եւ տարածքի ուսումնասիրության նպատակով։ Արդյունքում, ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցին հարակից՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որեւէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։
Առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունքն է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացումը, ինչի արդյունքում կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվածին փաստաթղթերի մշակման, իսկ այնուհետեւ նաեւ շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։
Փոխնարարը նշեց, որ 2020 թվականին կսկսեն շինարարական աշխատանքները:
ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այս ծննդատան կառուցումով Գյումրիի մյուս ծննդատները փակվում են, հետեւաբար, մահճակալների քանակը պետք է բավարար լինի: