ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ-Ինշուրանս»-ի հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունը իրականացրել է հենց Սուքիասյանի ընկերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության egov.am-ի կայքի՝ մեկ անձից կատարվող գնումներ բաժնում։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանս»-ին։
Թավշյա հեղափոխությունից հետո մեկ անձից կատարվող գնումներում մատակարարների փոփոխություններ են եղել: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ապահովագրման մի զգալի մասը եւս անցել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությանը։ Սուքիասյանը հեղափոխության աջակիցներից է, այդ մասին հայտարարել է իր մի քանի հարցազրույցներում: Վարչապետի աշխատակազմն էլ օրինակ այս տարեսկզբին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություն է մատուցվել 87 ավտոմեքենայի:
Խաչատուր Սուքիասյանը ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ի դեպ նախորդ ամիս էլ կառավարությունը հարկային արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին, որը մինչ 2021 թվականը կազատվի շշերի ներկրման ԱԱՀ վճարելուց: