ՀՀ կառավարությունը կքննարկի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին հարցը: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում:
«ՀՀ կառավարությունը որոշում է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը»,- նշված է որոշման նախագծում:
Առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունքն է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացումը, ինչի արդյունքում կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվածին փաստաթղթերի մշակման, իսկ այնուհետև նաև շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։