Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված այս եզրակացության արդյունքներն ուշագրավ են այնքանով, որ ոստիկաններից Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ: Հետևաբար, հարց էր առաջանում, թե ինչ հանգամանքներում է մահվանից առաջ նա բութ առարկայով հարված ստացել:
Irakanum.am-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ է խնդրել Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են հետևյալը.“Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքերի առթիվ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով 2018 թվականի մարտի 28-ին տեղի ունեցեած դատական նիստի ընթացքում հետազոտված, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության և դրա վերաբերյալ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ պարզաբանվում է, որ Յու. Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ: Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է նաև կրծքավանդակի հետին մակերեսի շրջանի սալջարդ վերք, այն պատճառվել է կենդանության օրոք, մահվանից անմիջապես առաջ, սուր եզր ունեցող բութ առարկայով, որն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում”:
Ըստ դատախազության՝ հետազոտվել է նաև դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված Տեփանոսյանի հագուստներից բաճկոնի հետևի մասում, կարճաթև շապիկի վրա, անթև շապիկի վրա առկա բերկորային վնասվածքներն իրենց բնույթով, մոտավոր տեղակայմամբ համապատասխանում են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված կրծքավանդակի հետին մակերեսի շրջանի սալջարդ վերքին:«Դրանք առաջացել են օտար պինդ մարմնի ներթափանցման արդյունքում, կարող էին առաջանալ ինչպես արգելքի միջով անցած գնդակից մասնատված բեկորից, այնպես էլ այդ արգելքից՝ ավտոմեքենայի բեռնախցիկի դռան ապակուց պոկված բեկորից»,- նշվում է Գլխավոր դատախազության պատասխանում:Հիշեցնենք, որ 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից:
Ըստ նախաքննության տվյալների, ինչպես նաև մեղադրական եզրակացության՝ նրա սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։ Մեղադրական եզրակացության համաձայն, Բարսեղյանը՝ կրելով Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենը, որպես դիպուկահար, 2016 թվականի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենակետ է ընտրել գնդի տարածքում տեղակայված եռահարկ զորանոցի շենքի տանիքը և դիրքավորվելով այնտեղ՝ հրացանի վրա առկա օպտիկական նշանառության սարքի միջոցով հսկել է գնդի տարածքը շրջապատած իրավապահ մարմինների գործողությունները, մյուս զինյալներին նախազգուշացրել ոստիկանական ուժերի շարժի մասին: Հենց տանիքից էլ, ըստ գործի նյութերի, նա կրակել է Տեփանոսյանի մեքենայի ուղղությամբ: