00:00:00

«Ժամանակ». Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը». վարչապետի ակնարկը

13:18, 27 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը էներգիա արտահանող երկիր չէ, Ադրբեջանն արտահանում է ընդամենը նավթ ու գազ, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե ինչպես կազդի հայ-իտալական հարաբերության վրա հանգամանքը, որ Բաքուն Իտալիային էներգիա մատակարարող առանցքային աղբյուր է: Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունը լավ մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանի առումով հայտարարել նաեւ, որ էներգետիկայում փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ, եւ շատ մոտ ապագայում Իտալիայի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնա, թերեւս, արեւը, եւ այդ հանգամանքները հնարավոր չէ հաշվի չառնել հեռանկարի դիտարկումներում: Իտալական պարբերականը, անշուշտ, գիտակցված, թե ոչ, շոշափում է այդուհանդերձ շատ ավելի լայն խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությունը հայ-իտալական հարաբերության՝ կա՛մ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը հայ-իտալական հարաբերության համատեքստում: Փաստացի շոշափվում է հայ-եվրոպական հարաբերությունը, եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ, թերեւս, նաեւ Ռուսաստանի համատեքստում, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ էներգետիկ խոշոր աղբյուր է Եվրոպայի համար: Իսկ այդ հանգամանքը, անկասկած, իր անուղղակի ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա, որում օրերս լրացավ նշանակալի իրադարձության՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ համաձայնագրի ստորագրման եւ, փաստորեն, 2013-ի հայտնի ճգնաժամի հաղթահարման երկրորդ տարին: Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ թերեւս շոշափում է ոչ միայն ադրբեջանական նավթ ու գազի, այլ նաեւ ռուսական գազի թեման, ու, թերեւս, ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում: Հայաստանը գտնվում է ռուսական կողմի հետ գազային բարդ բանակցության փուլում, որտեղ փորձ է արվում լուծել գնագոյացման հարցը: Համենայնդեպս, տեղեկատվական տիրույթում բավականին մեծ է ճնշումը, որ տեղի է ունենալու գազի թանկացում: Իշխանությունը հայտարարում է, որ առնվազն մինչեւ ապրիլ չի լինելու թանկացում, սակայն ինչ է լինելու ապրիլից հետո, որեւէ բան պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի գազի այնպիսի գին, որը չխոչընդոտի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ո՞րն է այդ գինը: Անկասկած է, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի համար լինելու է տնտեսական մարտահրավեր, եւ հարցն այստեղ մարտահրավերի աստիճանի մասին է: Մյուս կողմից, գազի գնի բարձրացումը որոշակի իմաստով լինելու է նաեւ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցուցիչ: Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականի հարցին պատասխանելիս գործնականում կամա, թե ակամա շոշափում է հարցի այդ տողատակերը, ինչ-որ իմաստով նաեւ մեսիջ հղելով ռուսական կողմին, որ նավթն ու գազը հավերժական գործիք չեն եւ, ըստ այդմ, Հայաստանի հետ գազային բանակցության առումով առաջնորդվելով այսօրվա իրողություններով ու «առավելությամբ», Ռուսաստանը կարող է կորցնել վաղը՝ մասնավորապես Հայաստանի հանրային վստահության առումով: Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության հարցում գազի խաղարկումը եւ գնի թանկացումը կարող է լինել Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը», ակնարկում է Նիկոլ Փաշինյանն Իտալիայից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր