
«Մենք ստացել ենք առաջարկություն, և պատասխանել ենք: Ոչ թե մերժել ենք, այլ խորհրդարանը չի կարող մի նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահություն հայտնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՀՅԴ-ի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու առաջարկությանը: «Գիտեք, որ Ֆինանսների նախարարին անվստահություն հայտնել ենք՝ մերժվել է, և եկող նստաշրջանում այլ նախարարի վերաբերյալ գործընթաց է սկսված, մենք չէինք կարող միանգամից այլ նախարարի վերաբերյալ սկսել: Այս առումով մեր ֆրակցիան սպառվել է»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ երբ կքննարկվի նրանց հարցապնդումը, այդ ժամանակ հարցը մանրամասն կներկայացնեն: Մարուքյանը նաև նշեց, որ դեկտեմբերին սպասվող նստաշրջանին պարզ կդառնա, թե ով է ամենավատ աշխատող նախարարը, որի շուրջ քննարկումներ են ունեցել: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։