00:00:00

Երևանի քաղաքապետարանից հերքում են Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրաբերված «Կամազ»-ների մասին լուրերը

13:17, 26 նոյեմբեր 2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեց լուրերը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը կամ նրա հետ առնչվող որևէ կազմակերպություն Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերել «Կամազ» տեսակի ավտոմեքենաներ: Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, որ  քաղաքում աղբահանություն իրականացնող մեքենաների մի մասը չի ձեռք բերվել քաղաքի կողմից: Նոյեմբերի 26-ին՝ ավագանու նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Խաժակյանը հույս հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կբացահայտի, թե ով կամ ովքեր են նվիրաբերել «Կամազ» մակնիշի մեքենաները: «Քաղաքային իշխանությունները կարող էին նախապես հայտարարել, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունը ցանկանում է իրենց աղբատար մեքենաներ նվիրել, ապա ամեն ինչ թափանցիկ կլիներ: Այս պարագայում թաքցվել է, թե այդ «Կամազ»-ների մի մասն ինչպես է ձեռք բերվել»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը: Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունից և անձամբ գործարար Սամվել Ալեքսանյանից ոչ մի աղբատար մեքենա Երևանի քաղաքապետարանը նվեր չի ստացել: «Երևանի քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել: «Լույս» խմբակցության անդամների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանում կամ մեկ այլ քաղաքում գործունեություն ծավալող որևէ գործարար, եթե որոշի օժանդակել Երևանի քաղաքային տնտեսությանը, ապա մենք միայն շնորհակալ կլինենք»,- նշեց Կարապետյանը: «Նշեմ, որ Երևանում ՏԻՄ-ի մասին օրենքը սահմանում է, թե երբ է պարտադիր ավագանու որոշումը: Այս պարագայում ավագանու որոշման իմպերատիվ պահանջ չկա»,- շեշտեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր