00:00:00

Լիբանանի բանակը վերահսկում է իրավիճակը Բեյրութում սուննի եւ շիա ակտիվիստների բախումներից հետո

16:10, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները երեքշաբթի վերահսկողության տակ են վերցրել Բեյրութի արեւմտյան թաղամասերի իրավիճակը սուննիական «Ալ Մուսթակբալ»  շարժման եւ շիաների «Ամալ» ու «Հեզբոլլահ» կազմակերպությունների ակտիվիստների միջեւ բախումներից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Լիբանանցի զինվորականները եւ ժանդարմները արգելափակել են Կոլա էստակադի մերձակա շրջանները, որոնք դարձել են կոնֆլիկտի էպիկենտրոնը։ Իրավիճակը քաղաքում սրվել էր շիաների համայնքի երկու անդամի զոհվելու մասին լուրից հետո, որոնք երկուշաբթի հարվածվել էին ցուցարարների տեղադրած պատնեշին Բեյրութ-Սայդա արագընթաց խճուղում։ Գիշերվա ժամերին շիա բայքերները «Ամալի» եւ «Հեզբոլլահի» դրոշներով երթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով եւ հայտնվել են քաղաքի կենտրոնում, Ռինգ էստակադի մոտ, որը իրար է կապում Բեյրութի արեւմտյան եւ արեւելյան թաղամասերը։ Ակտիվիստները փորձել են մոտենալ բողոքի ցույցերի վրանաճամբարին ընկածների հրապարակում, բայց ոստիկանական պատնեշներից անցնել չեն կարողացել։ Ավելի վաղ լիբանանցի զինվորականները եւ ժանդարմները ճիշտ ժամանակին կասեցրել էին բախումները, որոնք սկսվել էին սուննիների Կասկաս թաղամասում՝ Բեյրութի հարավում, եւ Թարիք էլ Ջեդիդ թաղամասում։ Արաբական Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբանանի արհմիություններն աջակցել են ցուցարարների կոչին՝ առաջիկա օրերին համընդհանուր գործադուլ սկսել։ Բողոքի համազգային ակցիան, որը կընդգրկի պետական հատվածն ու մասնավոր ընկերությունները, կսկսվի նոյեմբերի 28-ին, Բեյրութում, եւ կշարունակվի երեք օր։ Հոկտեմբերի 17-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերը Լիբանանում հանգեցրել են հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին։ Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանել են խորհրդարանի նստաշրջանի աշխատանքը Բեյրութի կենտրոնում։ Նրանք փակել են Պլաս Էթուալ հրապարակում գտնվող խորհրդարանի շենքի մուտքերը եւ թույլ չեն տվել, որ այնտեղ մտնեն պատգամավորների մեքենաները։ Արդյունքում՝ 128 օրենսդրից միայն 5-ն է կարողացել մտնել խորհրդարանի շենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր