00:00:00

Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ Սիրիայի իրավիճակը քննարկելու մտադրության մասին

21:07, 07 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել  իրավիճակը Սիրիայում։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ վարել (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ։ Դրանից հետո ես բանակցություններ կվարեմ նաեւ Պուտինի հետ, որպեսզի գնահատենք իրադրությունը (Սիրիայում)»,- նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան «մինչեւ վերջ կկատարի պարտավորությունների իր մասը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»։ «Մենք չենք նահանջում հուշագրից»,- ավելացրել է նա։ Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է պաշտպանական գոտի հանդիսանար թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, Անկարայի մտահղացմամբ, կարող են Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսն այդ գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։ Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հուշագիր են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 13-ի կեսօրից դուրս են բերվել Թուրքիային սահմանակից շրջաններ անվտանգության 30 կիլոմետրանոց գոտում։ Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ քրդերն ավարտել են իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերումն անվտանգության գոտուց։ Նոյեմբերի 1-ին ռուս եւ թուրք զինվորականներն իրականացրել են առաջին համատեղ պարեկումը Եփրատից արեւելք։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր