Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնել մինչև ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասի 993 մ նիշը՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու նպատակով:
Նշվում է, որ ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանվորված ջրի ծավալները առավել չափով կուղղեն ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի զննման ու գնահատման, ջրասկավառակային փականը նորով փոխարինելու անհրաժեշտություն կա:
Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ., խողովակաշարը և չորսփականները բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսը անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչն աշխատում է մշտական խափանումներով: 2017թ. վթարվել է հատակային ջրթողը:
Ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի մանրամասն զննման ու գնահատման, կառույցի ամբողջական վերակառուցման և վերազինման աշխատանքները հնարավոր է իրականցնել ջրամբարի ջրի հորիզոնի ժամանակավորապես մեռյալ ծավալի (1013,9 մ) նիշը մինչև 993 մ նիշի իջեցնելու դեպքում:
Որոշման նախագծի կարգավորման նպատակը՝ Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի ջրի հորիզոնը իջեցնել մինչև 993մ (W=0.73 մլն մ3) նիշ, վերը նշված աշխատանքների իրականացման համար: