Հայաստանում նորագույն սերնդի բազմաբնակարան էկոշենքերի կառուցապատման լայնամասշտաբ նախագիծ է իրականացվում՝ այսպիսով սկիզբ դնելով էկո կամ կանաչ ճարտարապետությանը Հայաստանում:
Նորարարության հետ կապված՝ զրուցել ենք նախագծի ղեկավար Արսեն Պետրոսյանի հետ:
-Երևանում ամբողջական էկոթաղամասեր են կառուցվելու: Շինարարության համար կա՞ն արդեն ընտրված տարածքներ, իրավասու մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցում և շինարարության թույլտվություն: Ի՞նչ ժամկետում եք նախատեսում ավարտել առաջին շինարարական նախագիծն ու ունենալ առաջին էկոշենքը Հայաստանում:
-Իհարկե կան ընտրված հատվածներ, և մեր թիմն ակտիվ աշխատանքներ է տանում պետական իրավասու մարմինների հետ: Շենքերը նախագծված են սեյսմիկ, ճարտարապետական և անվտանգության բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, հուսանք շուտով կստանանք շինարարության թույլտվությունը: Դրան համապատասխան՝ կսկսվի էկոշենքերի կառուցումը: Նախատեսվում է, որ շենքերի շինարարությունը կտևի մինչև 3 տարի:
-Էկոշենքերի նորարարական առանձնահատկություններից նշվում է, օրինակ, սեփական կարիքների համար արևից էլեկտրաէներգիա արտադրելու, էկոբնակարաններն անվճար արևային էլեկտրական հոսանքով ապահովելու հնարավորության մասին: Սա նշանակում է՝ էլեկտրակայանից ստացվող էլեկտրաէներգիայի օգտագործո՞ւմն է կրճատվելու, թե՞ այն ընդհանրապես չի օգտագործվելու: Եվ արդյունքում որքանո՞վ կտնտեսվի էլեկտրաէներգիայի կոմունալ ծախսը:
-Ամեն շենք իր սեփական կարիքների համար արևից տարեկան արտադրելու է մինչև 1 մլն 800 հազար կվտ/ժ կամ մինչև 90 մլն դրամի էլեկտրաէներգիա: Արևային էլեկտրական հոսանքը հասանելի է բոլոր բնակարաններին՝ ըստ մակերեսների համարժեքության: Տեղադրվելու են երկկողմանի հաշվիչներ. եթե բնակիչներն սպառեն սեփական կարիքների համար կուտակած էլեկտրաէներգիան, ՀԷՑ-ից կգնեն 50 դրամով, իսկ եթե կուտակեն, ՀԷՑ-ն իրենցից կգնի 25 դրամով:
-Էկոշենքերն ապահովված են նաև էներգախնայող, ջերմաձայնամեկուսացնող, ինչպես նաև ջեռուցման, հովացման, օդափոխության և այլ համակարգերով: Ի՞նչ տեխնոլոգիաներ են դրանք:
-Շենքերի ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով դրսից դրանք պատվում են հաստ, չհրկիզվող և ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող ջերմամեկուսիչներով: Իսկ ձայնամեկուսացմանը նպաստում են ինֆրոկարմիր ճառագայթներն անդրադարձնող և բուֆերացնող հատկությամբ որակյալ պատուհանները: Ջեռուցման, հովացման համար օգտագործվում են բարձր էլեկտրախնայողություն ունեցող (SCOP-ն մինչև 4-ի հասնող) ջերմային պոմպեր, որոնք քողարկված են շենքի արտաքին պատերի մեջ: Ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման մեջ կիրառվում են ներկայիս ամենաորակյալ էներգախնայող տեխնոլոգիաները:
-Բնակարանները սեփականատերին են հանձնվում բազային ներքին հարդարմամբ: Արդյո՞ք այս ամենով հանդերձ՝ գնային առումով էկոբնակարանները հասանելի են հասարակության բոլոր շերտերի համար:
-Հաշվի առնելով էկոբնակարանների տեխնոլոգիապես հագեցվածությունը, այդ թվում՝ անվճար արևային հոսանքի հասանելիությունը, կարծում եմ, որ միայն այս բնակարաններն են հասանելի հասարակության լայն զանգվածներին:
Ադրինե Թորոսյան