00:00:00

Պաշտպանական բյուջեն՝ նոր աղմուկի առիթ. Փաշինյանն իրավիճակային լուծում է փորձում տալ

19:05, 28 հոկտեմբեր 2019

Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկամուտների ու ծախսերի ցուցանիշների խնդրին, ի մասնավորի՝ խոսել է նաև պաշտպանական ծախսերին առնչվող հարցի մասին: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ռազմական ծախսերի հարցում ունեն որոշակի կարգավորում, որը չպետք է անցնի ՀՆԱ-ի 4%-ը, իսկ այնուհետև հավելել. «Բայց շատ կարևոր է  արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում ունենք փոփոխություն, և մի փոքր այլ տրամաբանությամբ ենք վարվելու, վերջին շրջանի փոփոխության արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և արդյունքները կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը»: Փաշինյանի հայտարարությունն ուշագրավ է դառնում վերջին շրջանում հասարակության՝ հատկապես ինտելեկտուալ խավը ներկայացնող շրջանակների կողմից խնդրի վերաբերյալ բարձրացրած անհանգստությունների համատեքստում, երբ ուշադրության թիրախ էր դարձել փաստը, որ 2020-ի բյուջեի նախագծով պատերազմող Հայաստանի պաշտպանությանն ուղղված ծախսերը փաստացի նվազել են նախորդ տարվա համեմատ: Պետք է արձանագրել, որ վարչապետի հայտարարությունը շատ իմաստներով ռեակցիոն է. տեսնելով մարդկանց վրդովմունքը՝ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացումներ մոգոնել ու իբր փարատել անհանգստությունները, հավաստիացնել, թե հարցն իսկապես գտնվում է իշխանությունների անմիջական հոգածության տակ. նա փորձում է  հերթական անգամ «ջրից չոր դուրս գալ» ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ասենք Ստեփանակերտում արված ամպագոռգոռ՝ «Հայաստանն Արցախ է, և վե՛րջ» հայտարարությունից հետո, և կամ ճիշտ այն  բանի նմանությամբ, երբ իշխանությունները փորձեր էին անում բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ մեկ հարվածով Նիկոլ Փաշինյանը կարողացավ լուծել ողջ աշխարհին տանջող կոռուպցիայի խնդիրը, չէ՞ որ նա պնդել էր (այդ թվում և ի լուր դրսի), որ իրեն հաջողվել է «բնաջնջել» կոռուպցիան Հայաստանից մեկընդմիշտ: Ցայսօր անպատասխան է մնում այն հարցը, թե եթե Փաշինյանին հաջողվել էր անել անհնարինը, ապա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, օրինակ, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի գոյությունը: Չեղած բանի դեմ պայքարո՞ւմ են … Կամ չեղած  կոռուպցիայի գումարները ինչպե՞ս ես բյուջե լցնելու: Թե՞ թողնելու ենք, որ կոռուպցիա առաջանա, հետո էլ դրա դեմ պայքարենք ու գումարները բանակ ուղղենք: Մյուս կողմից՝ լրջագույն հարցերի տեղիք է տալիս Նիկոլ Փաշինյանի անթաքույց փորձը՝ երկրի պաշտպանունակությունը կապելու կոռուպցիայի խնդրի հետ՝ սահմանելով հստակ փոխկապակցվածություն այդ ուղղությամբ արվող ծախսերի ու ասենք բացահայտվող կոռուպցիոն հանցագործությունների թվի միջև: Արդյոք սա չի՞ արվում ինքնատիպ երանգներով աչքի ընկնող նորհայաստանյան հակակոռուպցիոն պայքարին, որի թիրախն, ինչպես հայտնի է, գրեթե բացառապես նախորդ իշխանություններն ու նրանց հետ դույզն ինչ կապ ունեցող անձինք են, նոր բովանդակություն ու իմաստ հաղորդելու նպատակով: Ակներևաբար Փաշինյանն իր կողմից տարվող քաղաքականության համար գաղափարական հավելյալ հենակետերի անհրաժեշտություն է զգում, և այդ իմաստով երկրի ռազմական հզորության ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ կրող կոռուպցիայի դեմ տարվող պայքարի միջև ուղղակի կապ մտցնելը կարող է լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ հասարակության վրա՝ ստիպելով մարդկանց ձեռնպահ մնալ ավելորդ հարցեր տալուց կամ տարակուսելուց. իշխանությունները սեփական ձեռքերին է՛լ ավելի մեծ ազատություն կարող են տալ ու պնդել, որ եթե «թալանչիների» հետևից չգնան, ապա չեն կարողանա հոգալ երկրի ռազմական ծախսերը՝ դրանից բխող գոյաբանական ռիսկերով: Հետևաբար՝ ինչ անում են՝ ժողովրդի համար են անում, որ ազգը կարողանա «հանգիստ քնել»: Ու կստացվի, որ կոռուպցիայի դեմ տարվող դաժան, բայց ընտրողական մոտեցման վրա հիմնված պայքարը շատերի կողմից կմեկնաբանվի ոչ թե որպես իշխանությունների ինքնահաստատմանն ուղղված միջոցառում, այլ բանակի հզորացման նախապայման. իշխանությունները սկսելու են խաղալ մարդկանց ինքնապահպանման բնազդի նուրբ լարերի վրա՝ դրանից իրենց համար քաղաքական կապիտալ կորզելու հույսով: Այսուհետ հակակոռուպցիոն քաղաքականության անվան տակ իրականացվող բացահայտ արշավը կպատճառաբանվի ոչ միայն ասենք «տնտեսական հեղափոխության» անհրաժեշտությամբ, երբ հայտարարվում էր, թե տարվող քաղաքականության ու հասարակական բարեկեցության միջև առկա է ուղղակի կապ, այլև՝ ռազմական՝ հեշտացնելով մարդկանց մանիպուլացնելու գործը, առանց որի, ինչպես հայտնի, այս իշխանությունները գոյատևել չեն կարող:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր