00:00:00

Լոռին հայրենաճանաչության դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա գեղեցիկ էջերից մեկը

11:40, 26 հոկտեմբեր 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Վանաձորի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում.  «Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր: Սիրելի՛ վանաձորցիներ, Ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր… Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի: Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը: Շնորհավորում եմ բոլորիդ: Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր