Այսօր համացանցում տարածվեց այն լուրը, թե ԿԳՄՍ նախարարությունը 20 մլն դրամ է տրամադրել հայ ծանրամարտիկ, սեռափոխված Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար։
Irakanum.am-ը փոևձեց պարզել՝ արդյո՞ք ֆիլմի ֆինանսավորման աղբյուրը ճիշտ է նշված տվյալ հրապարակումներում։
ԿԳՄՍ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ նշեց․ «Մրցույթի ներկայացված նախագծերը գնահատող անկախ հանձնախմբերը ձևավորվում են համաձայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կանոնակարգի 5-րդ հավելվածի։
Անկախ փորձագետները չեն հանդիսանում ո՛չ Ազգային կինոկենտրոնի, և ո՛չ էլ նախարարության աշխատակիցներ, ավելին, չեն գործում հիշյալ գերատեսչությունների ենթակայությամբ:
Նրանք գործում են անկախ»։
Անժելա Կժդրյանն ընդգծեց՝ 2019 թվականի 1-ին մրցույթի հայտերը գնահատող լիամետրաժ նախագծերի փորձագիտական հանձնախմբի անդամներն են պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Արմեն Ադիլխանյանը, դրամատուրգ, սցենարիստ Կարինե Խոդիկյանը և կինոօպերատոր Հայկ Կիրակոսյանը:
««Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգով մրցույթների ներկայացված լիամետրաժ նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախումբը ի թիվս այլ նախագծերի դիտարկել է նաև «Մել» ֆիլմի նախագիծը: Այն արժանացել է փորձագիտական հանձնախմբի հավանությանը և անցել է 2-րդ փուլ:
Պետական ֆինանսավորուման չափը (20 միլիոն դրամ) որոշել է փորձագիտական հանձնախումբը, որը կազմում է ֆիլմի ամբողջ բյուջեի 14%-ը: Ֆիլմը համատեղ արտադրվելու է մի քանի պետությունների համագործակցությամբ, ներդրողներ են եղել նաև ճապոնական, կանադական և եվրոպական հեռուստաընկերություններից, կինոֆոնդերից ու մեդիա ընկերություններից», - նշեց Անժելա Կժդրյանը։
Նա նշեց՝ այս պահին ֆիլմը դեռ նկարահանումների փուլում է։
«Պետական ֆինանսավորում ստանալու համար կինոնախագծերի հայտերի մրցույթը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը», - հավելեց Անժելա Կժդրյանը։